Անցնող օրվա կարևորագույն իրադարձություններն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի.



Մարտի վերջին Ստեփանակերտում վեր կխոյանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Զանգակատունը

 

 

Տասնութ մետր բարձրությամբ ավանդական զանգակատուն' ժամանակակից շնչով, մարմարե կամարներով ու խաչով. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ստեփանակերտում կհարգեն նոր կառուցվող Զանգակատուն կոթողում, որի կառուցումը կավարտվի մարտի վերջին: Հուշակոթողի հեղինակը ճարտարապետներ Վլադիմիր եւ Միքայել Սարգսյաններն են: Գաղափարը հղացել է տասը տարի առաջ, երբ ճարտարապետները նախագծել են Ստ եփանակերտի հուշահամալիրի վերանորոգման ծրագիրը:

 

«Գաղափարը, որ ներկայացվեց տասը տարի առաջ, այսօր արդեն իրականություն է: Զանգակատունը կաբողջացնի հուշահամալիրը, կլինի ամենաբարձր շինությունն ու Զանգակատան կամարներն ու խաչը քաղաքի տարբեր հատվածներից տեսանելի կլինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանը' հավելելով, որ նախագիծն իրականություն է դարձել հանգանականությունների եւ պետության տրամադրած գումարների շնորհիվ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Այսօր հաշմանդամություն ունեցողների միջազգային օրն է

 

 

Դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Այն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին: Ասամբլեան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ նվիրված հասարակության կյանքին հաշմանդամների հետագա ինտեգրացմանը:

 

Հաշմանդամները հաճախ դուրս են մնում հասարակության լիարժեք կյանքից: Նրանց նկատմամբ խտրականությունը տարբեր ձեւեր է ընդունում՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական ու սոցիալական արգելքների ստեղծումը: Ընդսմին տուժում է հասարակությունը, քանի որ հաշմանդամների ներուժի կորուստը տկարացնում է մարդկությանը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումների համաձայն՝ ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի հաշմանդամության այս կամ այն ձեւը: Դա համապատասխանում է աշխարհի բնակչության գրեթե 15 տոկոսին: 15 ու դրանից բարձր տարիքի 110 միլիոնից մինչեւ 190 մլն մարդ գործունեության հետ կապված զգալի դժվարություններ ունի: Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում ավելի մեծ է գործազուրկ լինելու հավանականությունը:Շարունակությունն՝  այստեղ:

 

 

***

 

 

Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Հայաստանի քաղաքացին ատի սեփական անկախությունը. Նիկոլ Փաշինյան

 

 

Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:

 

Մտքերի փոխանակության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ամենևին պատահական չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ ԵՏՄ-ին Հայաստանի միանալը համարում են հարված մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- ասաց պատգամավորը և ներկայացրեց, թե ինչ է անկախությունը և ինքնիշխանությունը տվյալ համատեքստում:

 

«Դա բալանս է, հավասարակշռություն աշխարհաքաղաքական տարբեր բևեռների նժարների միջև: Անկախության տարիներին Ռուսաստանի նժարը Հայաստանում անշեղորեն ծանրացել է, ու հիմա ԵՏՄ-ին միանալու պայմանագրով առանց այն էլ ծանր ռուսական նժարի վրա մենք դնում ենք մի հսկայական կշռաքար, ու հենց այդ իմաստով Հայաստանի անկախությունը, այո, դրվում է լրջագույն հարվածի տակ: Բայց ես հակված չեմ իրավիճակը կապել միայն Ռուսաստանի քաղաքականության հետ: Այս պայմանագրով ընդամենն արձանագրվում է իրերի առկա դրությունը, որովհետև երրորդ հանրապետությունում շատ չեն այն քաղաքական կամ պետական գործիչները, որ իրենց գործունեության ընթացքում հովանավորներ չեն փնտրել Մոսկվայում, որ Հայաստանում գործողություններ ծավալելիս չեն աղերսել, նույնիսկ մուրացել Ռուսաստանի «դաբռոն», եթե դա չեն արել Ռուսաստանում, արել են ուրեմն Ամերիկայում, Եվրոպայում:

 

 

Անկախության ոգեղեն հռչակումից 23 տարի անց, մենք կանգնած ենք այդ անկախությունը մսխելու և մոսկվաներում, բրյուսելներում, վաշինգտոններում քաղաքական հովանավորություն մուրացող ամուլ քաղաքական էլիտա ունենալու փաստի առաջ: Երրորդ հանրապետությունում հաստատված իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որ Հայաստանի քաղաքացին ատի սեփական անկախությունը, պետությունն ու քաղաքացիությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Պատգամավորը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին՝ ոչ թե այն պատճառով, որ չի սիրում Ռուսաստանը, այլ որովհետև հավատում է Հայաստանի ինքնիշխան ապագային:

 

 

***

 

 

Ադրբեջանի ՊՆ-ն ստուգումներ է անցկացնում ճակատային գծում

 

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըքովի գլխավորությամբ մի խումբ բարձրաստիճան սպաներ սկսել են ստուգումներ անցկացնել ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծի երկայնքով եւ Հայաստանի հետ սահմանին տեղակայված զորամիավորումներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով modern.az լրատվական կայքը, այս մասի ն հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Ադրբեջանի ՊՆ շտաբականները շփման գծին մոտ տեղակայված զորամասերում ստուգում են զինծառայողների մարտական պատրաստականությունը, նյութա-տեխնիկական բազայի, զենք-սպառազինության, ռազմական տեխնիկայի հագեցվածության վիճակը, անձնակազմի բարեյահոգեբանական վիճակը, կարգ ապահությունը եւ սոցիալական պայմանները:

 

 

***

 

 

Վարդենիսի տարածքի համայնքների ճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

 

 

Վերջին երկու օրում Վարդենիսի տարածքում եւ Վարդենյաց լեռնացքում տեղացած ձյան եւ ձնաբքերի հետևանքով դժվարանցանելի, որոշ տեղերում՝ անանցանելի են դարձել ճանապարհների որոշ հատվածներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, վերջին երկու օրերին տեղացած առատ ձյան եւ բքերի հետեւանքով փակվել է Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը, դժվարանցանելի իրավիճակ է առաջացել Վարդենիս-Այրք, Վարդենիս-Նորաբակ, Մեծ-Մասրիկ-Տրետուք եւ մի շարք այլ համայնքներ տանող ճանապարհներին: Ինչպես նշյալ հատվածներում, այնպես էլ Վարդենյաց լեռնացքում ձյան բարձրությունն արդեն հասնում է մոտ 80 սանտիմետրի, միաժամանակ շարունակվում են տեղումները, որոնք ուղեկցվում են բքով:

 

Այսօր առավոտվանից «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարները սկսել են Լճավան-Ախպրաձոր ճանապարհի բացման աշխատանքները, որոնք կեսօրվա դրությամբ դեռ մնում են ընթացքի մեջ: Դժվարանցանելի մյուս հատվածներում շարունակվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:

 

 

***

 

 

Հակոբ Ինջիղուլյանը ցուցմունքի ժամանակ ճանաչել է ադրբեջանցի դիվերսանտին

 

 

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում դեկտեմբերի 3-ին որպես գործով վկա ներկա է եղել մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը:

 

Նրան ադրբեջանական գերության ժամանակ հարցաքննել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանն ապօրինաբար հատած դիվերսիոն խմբի սպանված անդամ, Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից Հասան Հասանովը, ով խմբի մյուս անդամների հետ միասին նկարահանումներ է իրականացրել Արցախի Քարվաճառի շրջանում:

 

Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում, ի թիվս այլ տեսանկարահանումների, առկա է եղել նաև Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցքաննությունը ներկայացնող տեսանյութ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացել է Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի և դատապաշտպանների հարցերին, նա դատական գործին առնչվող մանրամասներ է պատմել ադրբեջանական գերության վերաբերյալ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Վանաձորում երկու երիտասարդներին դանակահարած անձը ներկայացել է ոստիկանություն

 

 

Շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում դեկտեմբերի 2-ին' ժամը 15.05-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 1997թ. ծնված Տիգրան Գ.-ն:

 

Պարզվել է, որ նույն օրը' ժամը 14.05-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Տիգրան Գ.-ն ստացել է վնասվածքը անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով, նաև պարզվել է, որ վիճաբանության ժամանակ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով հիվանդանոց է դիմել 1997թ. ծնված Ռոբերտ Պ.-ն: Վերջինս էլ հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով: Նշանակվել են ԴԲՓ-ներ:

 

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը' ժամը 22.30-ին, ինքնակամ, մեղայականով բաժին է ներկայացել 1997թ. ծնված Նարեկ Ա.-ն և խոստովանել, որ դեկտեմբերի 2-ին' ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Տիգրան Գ.-ին և Ռոբերտ Պ.-ին' պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Նարեկ Ա.-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

Հայաստանում գնաճի զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել

 

 

Հայաստանում գնաճի ցուցանիշի զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարություն հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյան ի հարցին:

 

«Այս տարվա բյուջեով նախատեսված է եղել 4 պլյուս-մինուս 1.5 տոկոս գնաճ: Մինչ այս պահը Հայաստանում 1.5 տոկոս գնաճ է արձանագրվել: Եթե բոլոր հնարավոր թանկացումները շարունակվեն, ապա գնաճը մինչև 4 տոկոսի սահմաններում կլինի, ինչը նախատեսված գնաճի չափ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

 

Նա ընդգծեց, որ պլանավորված գնաճի ցուցանիշներով տնտեսվարողների ու սպառողների համար զգայուն փոխոփություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է առանձին ապրանքների գնաճին, ապա Վաչե Գաբրիելյանն ասաց, որ դրա համար կան մարմիններ, որոնք կհետևեն, որպեսզի անհարկի թանկացումներ չլինեն:

 

 

***

 

 

Հայաստանում նկատվող գնաճը արտաքին տնտեսական զարգացումների հետևանք է. Հովիկ Աբրահամյան

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Կենտրոնական բանկն առաջիկա օրերին կկարգավորի դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված խնդիրները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ երբ լինում են նման տատանումներ, Կենտրոնական բանկը միջամտում է:

 

«Որևէ խնդիր չկա, քանի որ Կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին : Կառավարության համար կարևոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից, և կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

 

Նա ընդգծեց, որ կառավարությունը Տնտեսական մրցակցության պաշտպանությանն պետական հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ 5 տոկոսի շրջանակներում է գնաճը, ինչը նորմալ է:

 

Վարչապետը նշեց, որ չպետք է դա կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, քանի որ դա միջազգային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: «Դա տարածաշրջանային տնտեսության այդ վեր ու վարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա»,- ասաց նա:

 

Հարցին, թե կոնկրետ ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետևա՞նք է դա, Հովիկ Աբահամյանը պատասխանեց. «Այո, և, կարծես թե, մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահության է»:

 

 

***

 

 

Քանի չկա կայուն խաղաղություն, մենք լինելու ենք Ռուսաստանի պատանդը

 

 

«ՌԴ-ն մեզ վաճառում է զենք և զինամթերք Ռուսաստանի ներքին գործարանային գներով՝ մի պետության համար, որի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է։ Կա՞ այլընտրանք: Գիտե՞ք մի պետություն, որը կարող է իր ներքին գործարանային գներով մեր պետությանը տալ զինամթերք, ասե’ք… Չգիտեք, որովհետև չկա», - այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Սա միակ ռացիոնալ փաստարկն է, թե ինչու է Հայաստանը պարտադրված գնում ԵՏՄ երեք-չորս տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո: Եվրոպայում ոչ ոք մեզ նման գնով զենք չի վաճառի: Ռուսաստանը դա անում է: Այլ խոսքով՝ Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում. չորս սահմաններից երկուսը փակ են, տարածաշրջանում միլիտարիզացիայի բարձր մակարդակ է, ինչը վտանգում է մեր անվտանգությունը:

 

Մեր տնտեսությունը թույլ է ու խոցելի՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, փակ սահմանների ու անարդյունավետ կառավարման հետևանքով, ու այստեղ է, որ գործում, աշխատում է ռուսական շանտաժը, որի էությունն այն է, թե Հայաստա’ն, անպաշտպան կմնաս նոր պատերազմում, եթե ես քեզ էժան գնով զենք չվաճառաեմ: Իհարկե, նույն Ռուսաստանը, արդեն շուկայական գներով, զենք է վաճառում նաև Ադրբեջանին, այն էլ՝ նույն քանակի՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Մահապարտ ազատամարտիկը բոլորիս օգնության կարիքն ունի

 

 

Մահապարտ ազտամարտիկ Մկրտիչ Սուքիասյանի խնդրի մասին մի քանի կայք արդեն անդրադարձել է: Հիշեցնենք, որ Սուքիասյանին դատարան էին հրավիրել սրտի վիրահատությունից հետո վիրահատական ծախսերի հետևանքով գոյացած գումարը գանձելու համար, որը կազմում է 1 մլն 630 հազար դրամ (Ամբողջ գումարը կազմել է 2 մլն 630 հազար դրամ, որից 1 մլն վճարվել է): Իսկ դատարան է դիմել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ը:

 

Սուքիասյանը վիրահատվելու պահին (2012թ) եղել է և այժմ էլ շարունակում է մնալ սոցիալապես անապահով, 3-րդ կարգի հաշմանդամ, ունի մեկ անչափահաս երեխա՝ 4 տարեկան, չունի շարժական և անշարժ գույք:
ՊՈԱԿ-ը դատարանից պահանջում է բռնագանձելու մասին հրաման արձակել, որպեսզի Սուքիասյանից գանձեն մնացյալ գումարը:

 

Մկրտիչ Սասունի Սուքիասյանը արցախյան ազատամարտին կռվել է տարբեր ջոկատներում.
1991-94 թթ. կատարելով մարտական բարդ առաջադրանք՝ վիրավորվել է:
1992 թվականին անդամագրվել և կռվել է «Արծիվ մահապարտների» գումարտակում:

 

Հայաստանի և Արցախի նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ», «Վազգեն Սարգսյան» և այլ մեդալներով:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգնել Սուքիասյանին կարող են գումար փոխանցել
VTB բանկում Մկրտիչ Սուքիասյանի անունով բացված հաշվեհամարներին:

 

16009040560800 Դրամ
16009040560801 Դոլար
16009040560802 Եվրո
16009040560803 Ռուբլի