Սիրիական հակամարտության զոհերի թիվը տարեսկզբից կրկնապատկվել է և մոտեցել 200 հազարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նշել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը: Նրա խոսքով, կառավարական և զինված ընդդիմադիր ուժերի միջև բախումների հետևանքով վիրավորվել է մոտ 1 միլիոն մարդ: «Փետրվարին զոհերի թիվը գնահատվում է 100 հազար, իսկ այսօր' ՄԱԿ-ի տվյալներով, ցուցանիշը մոտեցել է 200 հազարի: Այս թվերն օրեցօր աճում են»,- նշել է Ամոսը: Նա նաև անդրադարձել է մարդասիրական օգնության կարիք ունեցող սիրիացիներին՝ նշելով, որ 12,2 միլիոն սիրիացիներ օգնության կարիք ունեն: Ընդ որում, կարիքավորների թիվը տասը ամիս առաջ մոտ 3 միլիոնով պակաս էր:
Ամոսը նշել է, որ Սիրիայի բնակչության գրեթե կեսը լքել է իր բնակավայրերը, ավելի քան 7,6 միլիոն մարդ բնակություն է հաստատել երկրի ավելի ապահով շրջաններում, իսկ 3 միլիոնը հատել է հարևան երկրների սահմանները:
Սիրիացի փախստականներից 1,14 միլիոնը հաստատվել է Լիբանանում, 608 հազարը՝ Հորդանանում, մոտ 1 միլիոնը՝ Թուրքիայում: