ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «ամենայն վճռականությամբ» դատապարտել է Դոնեցկում հանրային տրանսպորտի կանգառի գնդակոծումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախաձեռնությամբ հունվարի 22-ին ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամներն «ընդգծել են միջադեպի օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ամենայն վճռականությամբ դատապարտեցին հունվարի 22-ին Դոնեցկում հանրային տրանսպորտի կանգառի գնդակոծման հետևանքով 15 քաղաքացիական անձանց սպանությունը եւ ավելի քան քսանի վիրավորումը, որոնց թվում եղել են կանայք ու երեխաներ»,- ասված է փաստաթղթում: ՄԱԿ-ի ԱԽ-ում ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

 

Բացի այդ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԱԽ-ի անդամները կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարելու Մինսկի պայմանավորվածությունները, ինչպես նաեւ «ողջունել են Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որը հունվարի 21-ին ընդունվել է Բեռլինում»: