ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը այցով մեկնում Է Գերմանիա, Սլովենիա, Իտալիա եւ Բելգիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը, նա ուղեւորության մեջ կգտնվի մինչեւ մարտի 20-ը:

 

Մամուլի համար արված կարճ հաղորդագրության մեջ չի ճշտվում՝ ինչ հարցեր է Նուլանդը քննարկելու այդ երկրների կառավարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Բրյուսելում «ՆԱՏՕ-ի ղեկավարների եւ Եվրահանձնաժողովի անդամների» հետ: Միայն ասված է, որ կոնսուլտացիաների թեման լինելու են «երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները»:

 

Մինչդեռ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, անցած շաբաթ Նուլանդը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտնել է, թե պլանավորում է մոտ ժամանակներս այցելել մի շարք եվրոպական երկրներ, որոնք դեմ են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների խստացմանը: Դրանց թվում հիշատակվել են Հունաստանը, Հունգարիան եւ Կիպրոսը: Պետքարտուղարի օգնականի խոսքով՝ Միացյալ Նահանգները «այդ թեմայի շուրջ նրանց հետ շարունակում են խոսել երկկողմ հիման վրա»: