Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշն իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Դեմիրթաշը, ով մեկ անգամ չէ, որ խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, ընդգծել է անցյալն ուսումնասիրելու և իրականությունն ի ցույց դնելու անհրաժեշտությունը: «Անհրաժեշտ է, որ կառավարությունն աշխատանքներ սկսի անցյալում տեղի ունեցած դեպքերի հետ կապված իրականությունն ուսումնասիրելու հարցում: Հռոմի պապը մի բան է ասում, սկսում են երեխայի պես արձագանքել: Մարդ դժվարանում է հասկանալ»,- նշել է կուսակցության առաջնորդը' կոչ անելով կառավարությանը երկրի հասարակությանը բացատրել, թե ինչպես է պետք առերեսվել հայերի հետ կատարված իրականության հետ: «Սա պաշտոնապես չբացահայտված թեմա է: Ասելով, որ Հռոմի պապին չենք ընդունում, այս խնդիրը չի կարող լուծվել»,- նշել է նա:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:
Լուսանկարը' Սելահաթթին Դեմիրթաշի ֆեյսբուքյան էջից