«Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը լուրջ էր: Պետքարտուղարության մամուլի խոսնակի կողմից հայտարարություն եղավ, բռնութունը դատապարտվեց, և կարծում եմ, կհետևեն սահմանված ընթացակարգին, քննության կառնվեն փաստերը և որոշում կընդունվի»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նա նշել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներ և բարեկամներ ունի, որոնք ուշադիր հետևում են զարգացումներին. «Կարևոր է գիտակցել, որ ընդհանուր արժեքներն են համարվում իրական գործընկերության հիմքը: Մենք դիտարկում ենք ընտրությունները միջազգային ստանդարտների համապատասխանության տեսանկյունից, և մեր գնահատականները հենց այդ ստանդարտների համապատասխանության վերաբերյալ են լինելու: Հասուն ժողովրդավարության համար միանշանակ հստակ և հասկանալի է, որ մրցակցությունն անհրաժեշտ պայման է: Հայաստանի ընտրողներն իրենք որոշում կկայացնեն, կընտրեն նախապատված թեկնածուին: Հիմնական առանցքային խնդիրներից մեկը հավասար խաղի պայմանների ապահովումն է բոլոր մրցակիցների համար: Դրա բաղադրիչներից մեկն էլ լրատվամիջոցների հասանելիությունն է, որի դրական տեղաշարժերը տեսնում ենք և մատնանշում»:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը, ըստ դեսպանի, «դիտորդական առաքելության ոսկե ստանդարտն է»։ Այն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մատնանշել էր մի շարք խնդիրներ ընտրակաշառքի և վարչական ռեսուրսը անձնական, կուսակցական շահերին ծառայեցնելու վերաբերյալ, որոնք և այս ընտրություններին կլինեն ուշադրության կենտրոնում: «Մենք ակնկալում ենք, որ այս ընտրությունները կդառնան նոր նշաձող հայաստանյան բոլոր ընտրությունների համար»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ նախորդ ընտրություններում տեղական և միջազգային դիտորդները եղել են տեղամասերում և հանդիպել օրենքի ճիշտ կիրառման. կուսակցություններն ունեին իրենց վստահված անձինք, կային օրենսդրությամբ մատնանշած ժամկետում փակցված ընտրացուցակներ, ընդհանուր առմամբ դրական տեղաշարժերը հայտնի էին և արժե գնահատել իշխանությունների աշխատանքը: Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերն ընթացք կունենան, մարդկ էլ հանդիպելով խախտումների՝ կվստահեն և կդիմեն. «Եթե մարդկանց նկատմամբ ճնշումներ են լինում, և նրանց ստիպում են ինչ-որ բաներ անել, ապա նրանք պետք է համապատասխան մարմիններին դիմեն, որ նրանք կարողանան քայլեր ձեռնարկել: Ես կարդացել եմ բազմաթիվ զեկույցներ Հայաստանի ընտրություններում տեղ տած խախտումների մասին, ինքս էլ բազում բաներ եմ տեսել, մարդկանց հետ եմ խոսել, բայց ոչ ոք չի ասել, որ քվեարկությունը գաղտնի չէ»:

Պատասխանելով 2008 թ. հետընտրական իրադարձությունների մասին հարցին, ԱՄՆ դեսպանը նշել է, որ հետընտրական իրադարձությունները մեծ տրավմա էին, և ժամանակ է պահանջվում նման իրավիճակները հաղթահարելու համար:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները 25 դիտորդ կունենա նախագահի ընտրություններում, դեսպանատնից կլինեն դիտորդներ: Դեսպանատունը աշխատում է նաև ՀԿ-ների հետ՝ տեղական դիտորդական առաքելության ներկայացուցիչներին օգնելու նպատակով:

Դեսպանի խոսքերով, ազատ, արդար և արժանահավատ ընտրությունները երկկողմ հարաբերությունների համար կարևոր և առանցքային գործոն են. «Լսել եմ Եվրամիության երկրների դեսպաններից նաև, մենք ևս հետևելու ենք և տեսնենք՝ որքանով են համապատասխանում ընտրությունները միջազգային ստանդարտներին: ԱՄՆ-ի համար վստահաբար կարող եմ ասել, որ այդ ընտրությունների անցկացումն իր ազդեցությունը կունենա մեր հետագա համագործակցության որակի, մակարդակի վրա»:

Հարցին, թե որն է ԱՄՆ-ում և Հայաստանում անցկացվող ընտրությունների նմանությունն ու տարբերությունը, դեսպանը պատասխանել է. «Մեզ մոտ այդ ընտրությունները 236 տարի են անցկացվում, Հայաստանում՝ 20: Մի փոքր փորձ ունենք, և դա ամենամեծ տարբերությունն է: Նմանությունն էլ այն է, որ թե՛ մեզ մոտ, թե՛ այստեղ կան խելացի, կիրթ ընտրողներ, ովքեր իրենց խղճի մտոք ձայն կտան իրենց ուզած թեկնածուին»:

Անդրադառնալով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դռնեդուռ քարոզարշավ անցկացնելուն, ինչը դիտվում է որպես արևմտյան մոդել, Ջոն Հեֆերնը ասել է, որ ԱՄՆ-ում ևս թեկնածուները դռնեդուռ են ընկնում, ում ձեռքը հնարավոր է՝ սեղմում են ու համբուրում բոլոր երեխաներին:

ԱՄՆ դեսպանն, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի փոփոխությանը, նշել է, որ նա կարևոր գործընկեր էր տարածաշրջանի համար, 4 տարում երկու անգամ այցելել է, ինչը չէր եղել վերջին 18 տարում: Եվ հաշվի առնելով այն, ինչ արել է սենատոր Քերրին, և ինչպես է պատասխանել Կոնգրեսում իրեն ուղղված հարցերին, Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ համագործակցության աշխատանքի տեմպը կպահպանվի:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին և դրա դեմ ուղղված Ադրբեջանի սպառնալիքներին, ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԼՂ խնդիրը դիտարկվում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որին մասնակցում է նաև ԱՄՆ-ը: «ԼՂ-ի հետ կապված հարցերում մենք հայտարարություններով հանդես ենք գալիս երեքս միասին, ԱՄՆ-ն առանձին հայտարարություններ չի անում: Համանախագահները հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են և նշել, որ դիվանագիտական ճանապարհներով պետք է խդիրներին լուծում տալ, ռազմական մակարդակով անհնար է»:

Զրույցի վերջում դեսպանը հաղորդավարին ասել է. «Ամենակարևոր հարցը չտվեցիք, չհարցրեցիք, թե իմ նոր թոռն ինչպես է: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ում տղա թոռ եմ ունեցել»: