Իսրայելն օգոստոսի 20-ի երեկոյան ռմբակոծել է սիրիական Կունեյտրա քաղաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, ռմբակոծության թիրախում է հայտնվել քաղաքապետարանի շենքը: Սիրիական աղբյուրների տեղեկացմամբ' մեկ մարդ զոհվել, ևս 7-ը վիրավորվել են:

 

 

«Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ' Իսրայելը ռմբակոծել է սիրիական տարածքը՝ ի պատասխան իսրայելական տարածքում հրթիռներ ընկնելու: Օգոստոսի 20-ին Սիրիայից արձակված հրթիռներն բկել են Գոլանի բարձունքներում, որոնց հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժածների մասի տեղեկություններ չկան: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լերները:

 

 

Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ' օգոստոսի 21-ին Իսրայելի օդային ուժերը ռմբակոծել են սիրիական հողերը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել: Համաձայն աղբյուրի՝ ռումբն ընկել է ուղևորատար մեքեանայի վրա:

 

 

Կունեյտրայի շրջանը հայտնվել է սիրիական բանակի և զինված ընդդիմադիր խմբավորումների, մասնավորապես, «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման բախումների թիրախում: Սիրիական բանակը պայքարում է շրջանը զինյալներից ազատագրելու համար: