Աֆղանստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ պայթյուն է տեղի ունեցել Համիդ Քարզայի անվան օդանավակայանի արևելյան մասում: Վարկածիներից մեկի համաձայն՝ ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը, իսկ մյուսի՝ պայթուցիկ սարքը տեղադրվել էր մոտակայքում կայանված մեքենայի մեջ:

 

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ահաբեկչական հարձակման հետևանքով, որի պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Թալիբան» խմբավորումը, զոհվել է մեկ մարդ: Եվս 13-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներիի թվում կա երեք կին և երկու երեխա:

 

Աֆղանցի պաշտոնյաների տվյալներով՝ ահաբեկիչների հիմնական թիրախը Պակիստանի բանակի ղեկավար Ռահիլ Շարիֆին ուղեկցող ավտոշարասյունն է եղել: Պայթյունից քիչ առաջ գեներալը պաշտոնական այցով ժամանել է Աֆղանստան՝ թալիբների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման նպատակով: