Հայաստանի Հանրապետության պետական օղակներում կան չինովնիկներ, որոնց կերտած կարիերան բավական երկար տարիների պատմություն ունի: Եթե ոմանք այս հանգամանքը կարող են համարել միանգամայն դրական՝ հաշվի առնելով մարդկանց ունեցած կենսափորձը, ապա որոշներն էլ սույն փաստը հակված են դիտարկել մեկ այլ՝ տվյալ չինովնիկի համար ոչ այնքան բարենպաստ դիտակետից: Իսկ դիտակետն այդ, պարզվում է, հայաստանյան իրականությունից այնքան էլ կտրված չէ. պետական պաշտոններում երկար տարիների փորձ ունեցող անհատները, ինչպես կյանքն է բազմիցս ապացուցել, արհեստավարժ են ոչ միայն աշխատանքային համապատասխան գործառույթներ իրականացնելիս, այլև բավական հմտորեն տիրապետում են նույն այդ պետական պաշտոնը սեփական շահերին ծառայեցնելու նուրբ արվեստին:


ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, այն պետական մարմիններից է, որոնք, գոնե վերջին ժամանակներս, իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորում: Այս կառույցը, եթե չենք սխալվում, իր մասին ակտիվորեն հիշել էր տվել անցյալում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խժդժությունների օրերին:

 

Իսկ Նազարյանի՝ հանրության ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվելու վերջին դեպքն օրերս տեղի ունեցավ հայրենի խորհրդարանում, ուր Նազարյանն ԱԺ նիստում ներկայացնում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագիրը: Թե որքանով է արդյունավետ այս պետական կառույցի աշխատանքը, մի քանի անգամ արդեն առիթ ունեցել ենք պարզելու. այն գրեթե զրոյական արդյունավետությամբ գործող կառույց է՝ փաստացի ի վիճակի չլինելով ազդել որևէ մեկի որոշման վրա:

 

Չէ՛, այնպես չէ, որ Ռոբերտ Նազարյանը գոհ չէ իր կյանքից, ինչ ճիշտ է՝ ճիշտ է, մարդն այդ առումով բողոքելու տեղ քիչ ունի. միգուցե ուժերը չեն բավարարի համեմատվել հայրենի օլիգարխների հետ, բայց դե դա չի նշանակում, որ օրվա հացի կարոտ է. լավ էլ տեղավորվել է կոռուպցիոն բուրգի միջին հարկերում ու «մանդրից» պետական բյուջեի «հերն անիծում է»:


Ձեզ ասածն ապացուցող փաստե՞ր են անհրաժեշտ՝ խնդրեմ. պարզվում է՝ 2016 թվականի համար հանձնաժողովի նախատեսած գնումները կազմում են մոտ 85 մլն դրամ: Մասնավորապես՝ ընթացիկ տարվա համար ՀԾԿՀ-ն գնել է մոտ 26 տոննա պրեմիում տեսակի բենզին՝ վճարելով 11 մլն 583 հազար դրամ: Նշենք, սակայն, որ հանձնաժողովը պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրը գնել է 450 դրամով, այն պարագայում, երբ այժմ այն վաճառվում է 400-410 դրամով:Թե ինչու է հանձնաժողովը 40-50 դրամ թանկ գնել բենզինը, այս մասին պաշտոնական փաստաթղթերում որևէ բացատրություն չկա: Նշենք, որ սա ընդամենը մի նվազ օրինակ է այն ատկատներից, որ սույն կառույցն արել է:

 

Դե իսկ «պադավատների» հարցում ՀԾԿՀ-ին, առհասարակ, հասնող դժվար թե գտնվի. 12 ծառայողական ավտոմեքենա ունի այս կառույցը: Փառահեղ է, այնպես չէ՞: Ա՛յ քեզ Նազարյան: Դե հիմա գնացե՛ք ու որտեղ ձերը կասեք, այնտեղ էլ Նազարյանի՛նը բարձրաձայնեք… Եվ այս կառույցից դուք ինչ-որ հույսեր եք կապում, կարծում եք՝ արդարության ու ճշմարտության ջատագովնե՞ր են այստեղ պաշտոնավարողները: Լա՛յն բացեք ձեր աչքերն ու համոզվե՛ք, որ կառույցն այս ամենևին էլ չի համապատասխանում իր հնչեղ անվանը…

 

Իհարկե, համարել, թե Նազարյանի գլխավորած կառույցը Հայաստանում միակն է, որ ատկատների ու չարաշահումների ճանապարհով փոշիացնում է պետական բյուջեի փողերը, անարդար կլիներ.գործնականում չկա մի պետական կառույց, ուր այս պախարակելի երևույթը տեղ չունենա, ինչը վկայում է համընդհանուր վերահսկողության բացակայության մասին. մեզանում բավարարվում են ընդամենը կոչեր հնչեցնելով՝ խուսափելով իրական քայլերից:


Դավիթ Բաբանով