Մինչ մենք որոշում ենք, թե ով է քաղբանտարկյալ, իսկ ով՝ ոչ, իշխանությունները նոր Ընտրական օրենսգիրք են փորձում անցկացնել, որը, ըստ իս, վիճելի դրույթներ ունի: Այդ դրույթները, իհարկե, կարող են քննարկվել, փոփոխության առաջարկներ լինեն, եթե մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ տարբեր կասկածելի անձանց քաղբանտարկյալի տիտղոսներ շնորհելու և անիմաստ ջղաձգվելու փոխարեն զբաղվեն իրենց բուն գործով:

 

Օրինակ, ինձ շատ մտահոգեց քվեարկության կարգի հետ կապված այն կետը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվել է 8-ով»: Բայց չէ՞ որ հենց դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների մեծ քանակության շնորհիվ է, որ որոշ դեպքերում կանխվել են խախտումներ, ապօրինություններ, չէ՞ որ դա վերահսկելու ձևերից մեկն է և ամենևին էլ անարդյունավետ ձև չէ: Ինձ համար առնվազն անտրամաբանական է այս կետը. իշխանությունները հայտարարում են, թե իբրև իրենք էլ կողմ են արդար ընտրություններին, բայց ուժեղացնելու փոխարեն՝ ուզում են թուլացնել վերահսկողությունը:

 

Եթե այսպիսինն են իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները, ապա անիմաստ է դրանց մեջ իսկապես ինչ-որ բարեփոխում փնտրելը և դրական ակնկալիք ունենալը: Մնում է եզրակացնել, որ ընտրությունները կեղծելու արդյունավետ մեխանիզմների շարունակական գոյությունը ձեռնտու է իշխանություններին:

 

Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը ներկայումս պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Ընտրական օրենսգրքի վրա և անեն հնարավորը, որպեսզի ներկայացված տարբերակում կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ:

 

Կարեն Վարդանյան