Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը Գյումրիում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դեռ թեկնածու չունի: Այս մասին Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ փաստելով, որ իրենք այս պահին գոհ են Գյումրու ներկայիս քաղաքապետի աշխատանքից: «Դեռ որոշում չունենք, կքննարկենք, բայց կարող եմ ասել, որ ներկայիս քաղաքապետի աշխատանքից գոհ ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը: Ադրադառնալով ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմի ծառայողական մեքենաների կրճատման հետ կապված հարցին՝ Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ դրանք կրճատվել են: «Նախորդ նիստին մենք կառավարության աշխատակազմի 16 մեքենա կրճատեցինք, իսկ դրանից առաջ կրճատվել էր 9 ավտոմեքենա: Բոլոր կառույցներում կրճատումներ են գնում՝ նույն կառավարությունում, նախարարություններում: Ես համոզված եմ, որ այն գործընթացը, որը մենք սկսել ենք, հիմ նավորված է և արդար: Համամիտ չեմ այն խոսակցություններին, համաձայն որոնց կրճատվում են այն մեքենաները, որոնք պիտանի չեն: Այդ կրճատվող մեքենաների մեջ այդպիսիները քիչ են, նույնիսկ 5 տոկոս չեն կազմում, իսկ մնացածը բոլորը գործող մեքենաներ են եղել: Հիմա մենք դրանք օտարելու ենք ՀՀ պետական գույքի կառավարման վարչության միջոցով՝ մրցույթ հայտարարելով»,-նշեց Հովիկ Աբրահամյանը՝ փաստելով, որ կշարունակվի նաև հաստիքների կրճատումը: «Կառավարության օպտիմիզացիան շարունակական է լինելու: Մենք նաև իջնելու ենք ներքև և կրճատելու ենք այն մարդկանց, ովքեր մեծ արդյունավետություն չեն ունենալու տվյալ նախարարության կամ գերատեսչության համար: Ամեն դեպքում, անարդար կրճատումներ չեն լինելու»,-վստահեցրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

 

Արմենուհի Մխոյան