ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված 8 թեկնածուներից 7-ը բացել են նախընտրական հիմնադրամներ, 1 թեկնածու՝ Արման Մելիքյանը, նախընտրական հիմնադրամ չբացեց: Այս մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը:
Վերջինս ներկայացրեց թվային պատկեր ըստ ծախսային նորությունների, թե թեկնածուների կողմից ծախսված գումարներն առավելագույնը որ ծախսային ուղղություններով են իրականացվել:
Նշված դասակարգումների առաջին տեղում է ԶԼՄ-ներով իրականացվող քարոզչությունը, և այստեղ առաջատարը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է, ով իր հիմնադրամից կատարված 74 մլն 139 հազարի դրամից 43 260 հազար դրամը ծախսել է ԶԼՄ-ներով քարոզչություն իրականացելով, իսկ ավելի կոնկրետ՝ հեռուստաընկերություններով քարոզչություն իրականացնելով:
Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով 57 301 880 դրամից 35.200 դրամը ծախսել է ԶԼՄ-ներով քարոզչությւոն իրականացնելու համար:
Հաջորդը Հրանտ Բագրատյանն է, ով իր 5. 880. 100 դրամ ծախսից 3 760 000 դրամն ուղղել է հեռուստաընկերություններով քարոզչություն իրականացելուն:
Մյուս 3 թեկնածուներ Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը և Վարդան Սեդրակյանն ընդհանրապես չեն օգտվել վճարովի եթերաժամանակից:
Առավելագույն ծախսերի առումով 2-րդ տեղում են թեկնածուների կողմից քարոզչական վահանակների վարձակալման ուղղությամբ կատարված ծախսերը: Այստեղ ամենից շատ ծախս կատարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, 2-րդ տեղում Սերժ Սարգսյանն է, հաջորդը՝ Անդրիաս Ղուկասյանը, այնուհետև՝ Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը:
Քարոզչական ծախսերի եռյակը եզրափակում են քարոզչական տպագիր և այլ նյութերի ուղղությամբ կատարված ծախսերը: Այստեղ առաջատարը Սերժ Սարգսյանն է, այնուհետև՝ Րաֆֆի Հովհանիսյանը, Պարույր Հայրիկյանը և Վարդան Սեդրակյանը:
Դահլիճների և տարածքների վարձակալության մասով ծախս կատարել է միայն Սերժ Սարգսյանը: