ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց լրագրողը:

 

Հիշեցնենք՝ ԱԺ-ում լրագրողի հարցից դժգոհ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքներով հարվածել էր լրագրողին, ապա՝ հայհոյել: Վահե Մակարյանի և Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած առերեսումից հետո Մակարյանի փաստաբանը մոտ մեկ շաբաթ առաջ միջնորդություն էր ներկայացրել ՀՔԾ՝ Ռուբիկ Հակոբյանի դեմ մեղադրանք առաջադրելու և ներկայացված լրացուցիչ ապացույցներն ուսումնասիրելու համար։

 

Սակայն ՀՔԾ-ում ընդունվել էր միայն մեկ միջնորդությունը՝ լրացուցիչ ապացույցների ուսումնասիրման մասով, իսկ մեղադրանք առաջադրելու մասով՝ մերժվել էր: 

 

Վահե Մակարյանը ՀՔԾ-ի այս որոշումը մեկնաբանում է Հայաստանում արդարադատության «փայլուն» իրականացմամբ: «Քիչ առաջ տեղեկացանք, որ գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Չափազանց տարօրինակ է, որ ՀՔԾ-ն՝ ի դեմս քննիչ Վազգեն Ավետիսյանի, ով, ի դեպ՝ լրագրողների հետ կապված միջադեպերով տարբեր գործեր է քննել, դժվարացավ կամ չկարողացավ հասնել այն ապացուցմանը, որ Ռուբիկ Հակոբյանն ինձ հարվածել է բռունցքով ու մի քանի անգամ: Մինչդեռ, աչքիս վնասվածքը, որը փաստել է նաև դատաբժշկական փորձաքննությունը, այդ մասին ապացուցող հիմքերիրց մեկն էր:

 

ՀՔԾ-ն հիմնվեց Ռուբիկ Հակոբյանի այն ցուցմունքի վրա, որ նա, իբրև, մեկ ապտակ է հասցրել ինձ: Ինձ համար տարօրինակ է, որ ՀՔԾ-ն, ըստ էության, շրջանցեց որոշ հանգամանքներ, այդ թվում՝ Հակոբյանի հայտարարության և ցուցմունքի միջև առկա էական հակասությունները, մերժեց մեր ներկայացրած որոշ միջնորդություններ և որոշեց նման վտանգավոր նախադեպ ստեղծել՝ կարճելով այս գործը: Հետաքրքիր է, թե պատգամավորը ո՞ր փորձի հիման վրա է եզրակացրել, որ մեկ ապտակով կարող է մարդու աչքի տակ մոտ 3 սմ վնասվածք և կապտուկ առաջանալ»,-մանրամասնեց լրագրողը: 

 

Մակարյանը նշեց՝ ամենայն հավանականության, ՀՔԾ-ի կայացրած այս որոշումը կբողոքարկեն: 

 

Քրիստինա Աղալարյան