Հայաստանի քննչական համակարգում տարիներ առաջ իրականացված բարեփոխումների արդյունքում քննչական ապարատը դուրս բերվեց դատախազության համակարգից՝ ձեւավորելով գերատեսչական քննչական մարմիններ: Ըստ ոլորտների՝ քննչական մարմիններ ստեղծվեցին պաշտպանության նախարարությունում, պետական եկամուտների կոմիտեում, ստեղծվեց հատկապես պաշտոնյաներով «զբաղվող» մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը, իսկ ոստիկանության քննչական ապարատն ավելի ծանրաբեռնվեց:

 

Բարեփոխումներից անցել է արդեն 6 տարի, սակայն այդպես էլ չլուծվեց քննչական համակարգը բանիմաց, արհեստավարժ, օրենքի ոգուն ու տառին տիրապետող, արդարադատություն իրականացնելու գործում նախանձախնդիր քննիչներով ապահովելու խնդիրը: Այստեղից էլ նկատելի է քննության որակի անկում. քննությունը շատ դեպքերում կատարվում է թերի, միակողմանի, առկա են քննության սխալներ, էլ չենք խուսում տիրող անգրագիտության մասին, որի հետեւանքով տուժում են երկիրն ու քաղաքացիները: Գրում է «Փաստինֆո»-ն:

 

Արդարացման դատական ակտերին զուգահեռ՝ այսուհետ կփորձենք նաեւ ներկայացնել քննության որակի մասին վկայող կոնկրետ օրինակներ' ակնկալելով, որ դրանց բարձրարայնումը կնպաստի խոստովանել խնդիրները ու փորձել լուծումներ գտնել: «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի գործով իրականացված քննությունը դրա դրսեւորումներից մեկն է:

 

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանը, 2010-2011թթ. ուսումնական տարվա ընթացքում անհիմն փոխելով ուսումնամարզական ցածր խմբերն ավելի բարձր խմբերով, ինչպես նաև՝ հաստատապես իմանալով ավել թվով մարզիկներ հավաքագրելու և աշխատանքի չներկայացած օրերի համար աշխատավարձ հաշվարկելու փաստերի մասին, շահադիտական դրդումներով՝,իր պարտականությունները չի կատարել:

 

Դրա հետևանքով նույն մարզադպրոցի մարզիչներ Լ.Մատինյանին, Ռ.Մալլաքյանին, Է.Դալլաքյանին, Ա.Սարգսյանին, Վ.Նազարյանին փաստացի վճարել է ավել աշխատավարձ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. հունիսի 2-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

 

Քննիչն ապավինել է ներկա և նախկին տնօրենների ցուցմունքներին. ներկա տնօրեն Սարգիս Չիլինգարյանը հայտնել էր, որ մարզադպրոցի գույք չհանդիսացող և մարզադպրոցի հաշվեկշռում չհաշվառված մի շարք մրցանակային գավաթներ մարզադպրոցի նախկին տնօրեն Ադիկ Արդարյանը, կենսաթոշակի գնալով, մարզադպրոցից գողացել է: Իսկ վերջինս էլ նշել է, որ կենսաթոշակի անցնելուց հետո մարզադպրոցից վերցրել է աշխատանքի տարիներին անձամբ իրեն նվիրած, ինչպես նաև իր միջոցներով, տարբեր առաջնություններում մարզիկներին խրախուսելու համար իր կողմից ձեռք բերած գավաթների մնացած մասը:

 

Քննության ընթացքում կատարված մասնագիտական ստուգման ակտի համաձայն' ստուգվող ժամանակաշրջանում թվով 22 մարզիկներ 2010-2011թվականներին և 2012թ. առաջին կիսամյակում պարապել են ընդամենը 17.025 դասաժամ, որի դիմաց մարզադպրոցի կողմից թվով 10 մարզիչների ավել հաշվարկված գումարը կազմել է 64.718 դրամ, իսկ թվով 11 մարզիչների անվամբ պակաս հաշվարկված գումարը' 53.848 դրամ, դրամարկղի պակասորդը կազմել է 10.450 դրամ, ինչը ստուգման ընթացքում վերականգնվել է մարզադպրոցի դրամարկղ:

 

 

 

Մանրամասները՝ այստեղ: