Sun թերթը հունիսի 16-ին հրապարակել է 65 մարդուց բաղկացած ցուցակ, որոնք անհայտ կորած են համարվում կամ կարող էին զոհվել Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքերից մեկում տեղի ունցած հրդեհի հետեւանքով:
Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ հրդեհի հետեւանքով անհայտ կորած է համարվում 41 մարդ:
Թերթի կազմած ցուցակում նշված են մարդկանց անունները եւ այն հարկերի համարները, որտեղ գտնվում էին նրանց բնակարանները: Ահայտ կորած են համարվում 11-րդ հարկի եւ 14-րդից մինչեւ 23-րդ հարկերի բնակիչները: Եվս չորս մարդու հարկերի համարները հայտնի չեն:
Լոնդոնի արեւմտյան շրջանի Գրենֆելլ-թաուեր բազմաբնակարան բնակելի շենքում հրդեհն սկսվել է լույս հունիսի 14-ի գիշերը: Այն շարունակվել է ավելի քանի երկու օր, ինչի հետեւանքով 24-հարկանի շենքը գրեթե ամբողջովին այրվել է: Հրդեհի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 17 մարդ, 79 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 17-ը՝ օրհասական վիճակում: Հրշեջների տվյալներով՝ հրդեհից կարող էր տուժել շուրջ 120 ընտանիք: Տարհանված բնակիչները ժամանակավորապես տեղավորվել են մերձակա հասարակական կենտրոններում, մզկիթներում ու եկեղեցիներում: Այրված շենքում որոնողական գործողությունը, ըստ ոստիկանության գնահատումների, կարող է շարունակվել մի քանի շաբաթ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է Լոնդոնի արեւմտայն մասի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի պատճառների լիամասշտաբ ու բաց հետաքննություն անցկացնել: Մեյը հայտարարել է, որ մարդիկ պետք է ստանան այն հարցի պատասխանը, թե ինչու էր կրակն այդքան արագ տարածվում շենքում: Մեյն այցելել է ողբերգության վայր, որտեղ հանդիպում է ունեցել փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ:
Լոնդոնի իշխանությունները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը նկատելիորեն կավելանա: Լոնդոնի ոստիականության ղեկավար Սթյուարթ Քանդին հայտարարել է, որ պատրաստ չէ ժամանակից շուտ գնահատել զոհվածների հնարավոր թիվը, հավելելով. «Հուսով եմ, որ թվերը եռանիշ չեն լինի»:Նա նաեւ հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի նույնականացնել բոլոր զոհվածներին, հաղորդվել է ՌԻԱ Նովոստին: