Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Նատորքլին» ՍՊԸ-ն և մի շարք քաղաքացիներ դիմել են իրենց՝ նշելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հաշվիչ սարքերով ավել կիլովատներ գրելով՝ իրենցից լրացուցիչ գումարներ է գանձում:

 

Ամարյանն ասաց, որ ընկերությունը դիմել է ասոցիացիային և խնդրել ստուգել, թե 2013-ից մինչեւ 2017 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց գանձված վճարումներն օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ. «ՍՊԸ-ն ստուգումների արդյունքում պարզել է, որ ունի էլէներգիայի գերավճարներ և մենք ուսումնասիրելիս պարզեցինք, որ այդ ժամանակահատվածի համար ՀԷՑ-ը «Նատորքլին»-ից գանձել է 890 հազ. կվ/ժ գերվճար: Իսկ այդ թիվը  40 դրամով բազմապատկելու պարագայում մեծ գումար է ստացվում: Հիմա մարդիկ պահանջում են իրենց վերադարձնել այդ գումարրը, կամ՝ քանի որ օգտագործելու են հոսանք, դրանից հանել գումարը: Մենք այս հարցով պատրաստվում ենք դիմել դատարան, քանի որ ՀԷՑ-ից մեզ չեն պատասխանում»,- նշեց Ամարյանը՝ ընդգծելով, որ կան բազմաթիվ այլ օրինակներ և ապացույցներ ևս:

Ամարյանը համոզված է՝ այս հայտարարությունից հետո մյուսներն էլ ոտքի կկանգնեն և կպայքարեն անօրինության դեմ: Նա նշեց՝ Հայաստանի էլեկտրաչափիչների մեծ մասը ստուգումներ չեն անցնում, իսկ պարզելու համար՝ արդյոք իրենց խաբում են, թե ոչ՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դիմում գրի և պահանջի՝ երբ է տեղադրվել էլեկտրահաշվիչը և երբ է ստուգվել: Եթե 8 տարուց ավելի է, ապա հոսանքը իրավունք չունեն գանձելու, մինչև հաշվիչը չփոխվի, իսկ Երևանում մոտ 70%-ի հաշվիչները չեն ստուգվել:

Նա ընդգծեց՝ ոստիկանություն դեռևս չեն դիմել, քանի որ ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն դրանց արդյունքները պարզելուց հետո արդեն կդիմեն և՛ դատարան, և՛ ոստիկանություն: Փոխարենն այս ընթացքում դիմել են ՀԷՑ-ին, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել որևէ դեպքի վերաբերյալ:

Ինչպես է տեղի ունենում խաբեությունը՝ հարցին Ամարյանը չցանկացավ պատասխանել՝ «անօրեններին ուղղություն ցույց չտալու համար»:

Սոնա Հարությունյան