Հայաստանում Իրանի դեսպանը հյուրընկալվել էր ԵՊՀ-ում, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել: Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի էնէրգետիկ ոլորտում էլ ավելի ակտիվ քաղաքականություն վարելու ուղղությամբ: Մյուս կողմից՝ նա բարձր է գնահատել հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը: Ստացվում է՝ Իրանը դեսպանի մակարդակով իր դժգոհությունն է հայտնում տարածաշրջանում ցուցաբերվող պասիվության համար, ինչն ուղղակիորեն անդրադառնում է Իրանի շահերի վրա:

Իրանը փորձում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ քաղաքականությունը: Դիվերսիֆիկացման ուղղություններից մեկն էլ Հայաստանն է, որի հետ Իրանն ունի գործող, բայց ոչ լիովին օգտագործվող ենթակառուցվածք: 2,3 մլրդ խմ թողունակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը այսօր ապահովում է ընդամենը 400 մլն խմ գազի մատակարարում, այսինքն՝ խողովակաշարի ներուժի 20 տոկոսն էլ չի օգտագործվում: Այս առումով՝ կարող ենք փաստել, որ հայ-իրանական էներգետիկ երկխոսության ակտիվացման համար առկա են բոլոր տեխնիկական նախադրյալները: Սակայն, բացի տեխնիկական նախադրյալներից, պետք է հաշվի առնել նաև հարցի ֆինանսատնտեսական կողմը: Մինչ օրս հայ պաշտոնյաները հարմար պատճառաբանություն ունեին հայ-իրանական գազային գործարքը մերժելու համար՝ գինը հարմար չէ: Այսօր Իրանի դեսպանը հստակ հայտարարում է, որ Իրանը պատրաստակամ է հարմար գներով գազ վաճառելու Հայաստանին:

Այսինքն՝ Իրանն անում է առաջին քայլը: Ինչպիսի՞ն կլինի հայկական կողմի պատասխանը: Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից եւ մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլեւ Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ:

 

Ստելլա Խաչատրյան