Սուրբ Հարության տոնին նախորդող և Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ: Մարտի 26-ին Ավագ երկուշաբթին է, որն արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օրն է:

Այս օրը եկեղեցիներում առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուսը, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով՝ թզենին չորացավ: (Աղբյուրը` qahana.am)

 

Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուսը քաղց է զգում: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուսը, անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:

Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է»:

Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության: Հիսուսը մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվիիսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել»: Աստծո Տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

Աղբյուրը` qahana.am և ter-hambardzum.net