Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայտնել է, թե հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ:

 

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել «օկուպացված» տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես, շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի։Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: