Արցախում նախընտրական պայքարը դեռ չսկսված՝ արդեն իսկ թեժ երանգներ է ստացել: Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը արդեն իսկ առաջադրվել է սպասվող նախագահական մրցապայքարում: Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն, ով ավելի վաղ չէր բացառել իր ակտիվ մասնակցությունը առաջիկա ընտրություններին, օրերս նույնպես հայտարարեց գարնանը առաջադրվելու մտադրության մասին: Առաջադրվելու մասին արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց էր սկսել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Կասկածից վեր է, որ պաշտոնական Երևանը որքան էլ փորձի թուլացնել արցախյան սանձերը, սակայն ուշի ուշով հետևելու է, հեռակա կարգով էլ, իհարկե, միջամտելու է Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ իր համար ցանկանալի արդյունք արձանագրելու նպատակով: Թեկնածուներից երկուսը ՝ Մասիս Մայիլյանը և Արայիկ Հարությունյանը, այսպես ասած, հեռակա պայքարի մեջ են՝ պաշտոնական Երևանի սիրտը շահելու համար: Վերջիններս գրեթե յուրաքանչյուր օր մեսիջներ են հղում Նիկոլ Փաշինյանին՝ աջակցություն խնդրելով: Փաշինյանը, սակայն, հասկացրել է՝ նա կաջակցի այն թեկնածուին, ով կկարողանա առավել արդյունավետ կերպով հակազդել Վիտալի Բալասանյանին, ով, ի տարբերություն, Մայիլյանի և Հարությունյանի վերջին շրջանում աչքի է ընկնում հակա-փաշինյանական, ինչ-որ տեղ նույնիսկ ծայրահեղական և սկանդալային հայտարարություններով, ակնհայտ կերպով պաշտպանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նախընտրական «ռասկլադը», սակայն, այսքանով չի ավարտվում, չի կարելի բացառել, որ վերջին պահին մրցավազքին կմիանա նաև Աշոտ Ղուլյանը, ով կարող է խաղալ այն հանգամանքի վրա, որ ներկայացնում է արցախակենտրոն դիրքորոշում և շահ: Պարզից էլ պարզ է, որ Արցախի բնակչության համար այսօր ամենակենսական հարցը և խնդիրը իր կենսունակության և անվտանգության խնդիրն է և այս լարի վրա խաղալով՝ Ղուլյանը կարող է որոշակի դիվիդենտներ շահել: Նույնը կարելի է ասել նաև ՀՅԴ մասին, որը ակտիվանալով Երևանում, կարող է այդ ակտիվության խաղաքարտը խաղարկել նաև Արցախում, հաշվի առնելով ՀՅԴ հեղինակությունը այստեղ՝ դա այնքան էլ բարդ խնդիր չէ:

Այսպիսով՝ հստակ ուրվագծվում են այն երկու բևեռները, որոնց միջև էլ գարնանը կընթանա հիմնական պայքարը: Նիկոլ Փաշինյանի համար այս ընտրությունները կենսական նշանակություն ունեն, անգամ բանակցային գործընթացի վերջին պաուզան պայմանավորված է հենց Արցախում սպասվող նախագահական ընտրություններով: Փաշինյանին, պայմանավորվածությունները իրագործելու համար՝ օդի ու ջրի պես անհրաժեշտ է Արցախում ունենալ իրեն լոյալ ղեկավարություն…