Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է երիտասարդների համար պահպանակներն անվճար դարձնել։ Ֆրանսիայի ղեկավարը նման հայտարարություն է արել հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Ֆոնտեն-լե-Կոմտում կայացած համաժողովում, ապա համապատասխան գրառում է հրապարակել Twitter-ում, հայտնում է The Guardian-ը։

Մակրոնն ասել է, որ դեղատներում պահպանակներն անվճար կտրամադրվեն 18-25 տարեկան մարդկանց՝ երիտասարդների շրջանում անցանկալի հղիությունների թիվը նվազեցնելու համար։ Ֆրանսիայի նախագահը այս քայլն անվանել է «փոքր հեղափոխություն հակաբեղմնավորման ոլորտում»։

Նա նաև նշել է, որ նախատեսում է հանրապետությունում մինչև 26 տարեկան մարդկանց համար անվճար առանց դեղատոմսի թեստավորում կազմակերպել ՄԻԱՎ-ից բացի՝ այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների համար։

Ֆրանսիայի առաջնորդը խոսել է նաև սեռական դաստիարակության մասին։ «Մենք այնքան էլ լավ չենք այս հարցում։ Իրականությունը շատ-շատ տարբերվում է տեսությունից: Սա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է շատ ավելի լավ կրթենք մեր ուսուցիչներին»,- շեշտել է Մակրոնը։