Արցախի և Հայաստանի շուրջ սրված անվտանգային խնդիրների ֆոնին հայաստանյան արևմտամետ շրջանակները կրկին փորձում են առաջ մղել ռուսական զենքի անարդյունավետության, այդ զենքից հրաժարվելու և այն արևմտյանով փոխարինելու թեզը, չմոռանալով շեշտել, որ արևմտյան զինտեխնիկայի գնորդ դառնալու համար պարտադիր պայման է ՀԱՊԿ-ն լքելը:
Նրանք, ովքեր առաջարկում են փոխել ՀՀ անվտանգային համակարգը, դուրս գալ ՀԱՊԿ-ից ու մտնել ՆԱՏՕ, մոռանում են կամ գիտակցաբար չեն նշում մի շարք կարևոր հանգամանքներ: Նախ և առաջ՝ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերի շրջանակներում ՆԱՏՕ-ն ոչ մի պարտավորություն չի կրում անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում։ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (Individual Partnership Action Plan) շրջանակը թույլ չի տալիս ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, ուստի ծրագիրը չի կարող այլընտրանք լինել ՀԱՊԿ-ին, որը հստակ իրավական պարտավորություններ է սահմանում Հայաստանի անվտանգության ապահովման համար: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նույնիսկ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեսանելի ապագայում դեռ չի նշմարվում, թեպետ վրացական կողմը առնվազն 7-8 տարի է բացահայտ հայտարարում է ՆԱՏՕ մտնելու ցանկության մասին։ Այդ դեպքում ինչու՞ ենք մենք կարծում, թե մեզ գրկաբաց կընդունեն, այն էլ անվտանգային նման խնդիրներով: Դրա փոխարեն անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավորություն է տալիս պահպանել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, այն էլ՝ նվազագույն ծախսերով։ Ռուսաստանը Հայաստանին անտոկոս վարկեր է տրամադրել ռուսական զենք գնելու համար, իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում Երեւանը ունի հնարավորություն անգամ գործարանային գնով ձեռք բերել անհրաժեշտ զենք-զինատեսակները:
Պետք է նաև հիշել, որ Մոսկվան համաշխարհային առաջատարն է նոր սպառազինությունների առումով և ռուսական արտադրության զենքը մի քանի անգամ գերազանցում է արևմտյան անալոգներին: Դիցուք՝ ուկրաինական պատերազմի ընթացքում տեղի ունեցած փորձարկումների ժամանակ ռուսական արտադրության բալիստիկ հրթիռները Երկրից մոտ 500 կմ բարձրության վրա «ոսկերչական» աշխատանք են կատարել թիրախներ ոչնչացնելով, ինչն էլ Պենտագոնում և ՆԱՏՕ–ում շոկ էր առաջացրել, քանի որ արևմտյան տերությունները «կարմիր գծերը» անցնելու դեպքում կարող են կորցնել GPS–նավիգացիայի միանգամից բոլոր 32 արբանյակները, և այդժամ մեկ ակնթարթում «կկուրանան» ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հրթիռները, ինքնաթիռներն ու նավերը:
Նույնը կարելի է ասել տանկերի մասին։ Մասնագետները կարծում են, որ ռուսական արտադրության «Արմատա»-ն 30%-ով ավելի արդյունավետ և ավելի կենսունակ մեքենա է, քան հավանական հակառակորդի տանկերը։ 125–մմ թնդանոթի կրակային հզորությունը գերազանցում է գոյություն ունեցող բոլոր տանկերը (այդ թվում «Լեոպարդ-2Ա6»-ի 120-մմ համակարգը), ապահովում մինչև մեկ րոպեում 12 կրակոց (շարժման ժամանակ)։
ԱԹՍ-ի մասով արևմտյան անալոգները նույնպես զիջում են։ Դիցուք, ռուսական «Օրիոնը» հաջողությամբ մարտական մկրտություն անցավ Սիրիայում և Ուկրաինայում և այն ցանկանում է ձեռք բերել 15 պետություն։ Համարվում է իր դասի մեջ աշխարհում ամենահուսալի անօդաչուն։ Ռուսաստանում ստեղծված «Ալտիուս ՌՈւ» ծանր հետախուզահարվածային անօդաչուն գերազանցեց ամերիկյան MQ-9 Reaper–ին իր մարտական բեռնվածությամբ, սակավ նկատելիությամբ, թռիչքի ժամանակով (մինչև 76 ժամ) և այլ պարամետրերով։
Ուկրաինական ռազմաճակատում գործնականում ի ցույց է դրվում հավաքական արևմուտքի ՝ Մոսկվային «նեղելու» և պարտության մատնելու բացահայտ անկարողությունը: Չնայած այն հանգամանքին, որ Կիևը իր վերջին հակահարձակման համար ստացել է արևմտյան արսենալի գրեթե բոլոր զինատեսակները և վայելում է արևմուտքի լիակատար աջակցությունը` ընթացիկ հակահարձակման արդյունքում որևէ առաջընթաց չի նկատվում։ Ավելին, օրերս պարզ դարձավ, որ արևմուտքի կողմից այդքան գովերգած F-16, HIMARS և ATACMS հրթիռներ, Leopard-1A5s և Challanger-2 տանկեր, Bradley զրահամեքենա ունենալով հանդերձ ուկրաինական կողմը անչափ մոտ է ռազմավարական նշանակություն ունեցող Անդրեեվկան կորցնելուն։
Ինչպես տեսնում ենք՝ անվտանգային համակարգի փոփոխությունը և ռուսական զենքից հրաժարվելը գործնականում Հայաստանին ոչինչ տալ չեն կարող, և այլ կերպ, քան չհաշվարկված արկածախնդրություն դա հնարավոր չէ անվանել: Ի դեպ, հենց արևմուտքի ձեռագիրն է հետհեղափոխական երկրներին տարաբնույթ արկածախնդրությունների մղելը, ինչի արդյունքում էլ վերջիններս կանգնում են կոլլապսի և տարածքային հսկայական կորուստների առջև: Դրա ապացույցն է Վրաստանը, որը «Վարդերի» հեղափոխությունից հետո կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, Հայաստանը, որը հեղափոխությունից հետո կորցրեց Արցախը, ինչպես նաև Ուկրաինան, որը Մայդանից հետո կորցրեց Ղրիմը, իսկ այսօր էլ տարածքները կորցնում է արդեն պատերազմի արդյունքում: Արդյոք՞ ժամանակը չէ սթափ գնահատել իրավիճակը և զերծ մնալ նման արկածախնդրություններից, որոնք կորուստներից բացի ուրիշ ոչինչ չեն խոստանում: