Lragir.am. Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիում պատրաստվում են դիահերձարան կառուցել երկրաշարժից տուժածներով խիտ բնակեցված թաղամասում' բանուկ ճանապարհի կողքին, բառացիորեն բնակիչների քթի տակ:
Բնակիչները բողոքով երկու օր առաջ դիմել էին երկրի նախագահին' դիմում-բողոքի պատճեններն ուղարկելով նաև ՀՀ վարչապետին, Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: Ժողովրդի հոգսերից հալումաշ եղած մեր իշխանության պատասխանը եղավ կայծակնային. Հուլիսի 4-ին, Սավոյան փողոցում, ուր, մարզպետարանի պաշտոնյաներից մեկի դիպուկ արտահայտությամբ, «տանկն անգամ մաս-մաս կքանդվի», հայտնվեցին անիվների վրա երեքհարկանի շենք հիշեցնող տարբեր մակնիշի Ջիպեր: Շարասյունն առաջնորդում էր Գյումրիի ներկայիս դիահերձարանի ներկայիս գլխավոր անձ Ա.Շահբազյանը' իր շքեղ Լեքսուսով (ինչ խոսք' հերթական հարգող սանիկի, կամ փուխր սիրտ համադասարանցու նվեր է, բա մեռելներից հո ատկատ չկա): Պարզվեց, որ Երևանից հրավիրվել են արդեն գեոդեզիստներ և այլ «չափ ու ձև» անող մասնագետներ:
Թաղի բնակիչները մի քանի անգամ թույլ չտվեցին աշխատանքներ իրականացնել, պատճառաբանելով, որ բոլոր տեսակետներից անթույլատրելի և անընդունելի է այդ տեղում դիահերձարան կառուցելը: Թաղի բնակիչները շեշտեցին, որ հանուն ճշմարտության պետք է ասել, որ Երևանից եկած տղաներն էլ ասել են, որ իրենք էլ են այդ մտքի հետ համաձայն, բայց աշխատանք է, իրենց ուղարկել են, իրենք էլ եկել են: Դե բոլորս էլ հայ ենք էլի, հասկանում ենք' «տուն պահելու խնդիր է»: Տեսնելով, որ բնակիչները խոչընդոտում են աշխատանքներին, Գյումրիի գլխավոր հերձապետը մի քանի անգամ գնաց-եկավ իր հաստատ նվեր ստացած Լեքսուսով, և տարածքում հայտնվեցին անձինք, որոնցից մեկը ներկայացավ որպես քաղաքապետարանի շինարարության բաժնի պետ, մյուսը որպես էլցանցի տնօրեն: Սրանք հերձապետի հետ միասին սկսեցին նոր վիճաբանություն բնակիչների հետ, ահաբեկելով, թե հիմա կզանգեն և կգան կբռնեն կտանեն:
Հավանաբար, քաղաքապետ Բալասանյանը, տեղեկանալով բնակիչների բողոքի բովանդակությանը, այս ձևով արձագանքել է դրան: Տեղյակ չենք, թե բողոքը վարչապետին հասել է, թե ոչ, բայց, քաջածանոթ լինելով մեր սիրելի վարչապետի մեռելահաճո գործունեությանը, միանգամայն տրամաբանական է, որ առաջիկա մեծ մեռելոցից առաջ Գյումրիում իրականացվի մարզային գլխամասային մեռելատան հիմնարկեքը:
Լավ, ի վերջո ոնց խոսել այս մարդկանց հետ, որոնք զբաղեցնում են այսօր ինչ-ինչ պաշտոններ և տնօրինում են մարդկանց կյանքն ու ճակատագիրը: Աշխարհն այսօր հասել է նրան, որ, ասենք, բազմաթիվ ճանապարհների վրա ոչ միայն սահմանափակում են արագությունը, այլ արգելված են մեքենաների ձայնային ազդանշանները, որպեսզի ճանապահի կողքի անտառուտի բնակիչները' վայրի կենդանիները, սթրես չտանեն: Բա լավ, կարելի՞ է սեփական ժողովրդի հանդեպ դրսևորել ավելի արհամարհական վերաբերմունք, քան մյուսները դրսևորում են իրենց երկրի կենդանիների նկատմամբ: Բա դրա համար էլ Արմեն Գևորգյանը կամ իր նմանները Գյումրիում մեքենայից չեն իջնում: Որովհետև նման հարցեր պետք է լսեն: Եվ որոնց պատասխան չունեն:
Բիզնես գաղափարը հայերի մոտ' «տուն պահելը», մեզանում արդարացնում է ցանկացած քայլ: Այդ «տուն պահելն» է, որ դեկտեմբերի 7-ին ծաղիկները կտրուկ թանկանում են, այդ «տուն պահելն» է, որ գերեզմանոցներ են թալանվում, թալանված մետաղն էլ հանգիստ ընդունվում է, իսկ ուրիշի տապանաքարն էլ մաքրվում, նոր անուն գրվում ու տեղադրվում նոր մեռելի վրա: Ինչ կա որ, մարդիկ «տուն են պահում»:
Հիմա էլ այս հերձարանը: Նախ, թող բժշկության հետ ամենահեռավոր կերպ առնչություն ունեցող մեկն ասի, թե ինչ է նշանակում կառուցել հերձարան հիվանդանոցից դուրս: Նույն մայրաքաղաք Երևանում կա՞ արդյոք նման բան:
Բայց այստեղ ամեն ինչ ընթանում է ոչ թե մասնագիտական, բարոյական, էթիկական ու դիմացինի հետ հաշվի նստելու տեսանկյունով ու ճանապարհով, այլ «ինձ համար սա ձեռնտու է, մնացածի հերն էլ անիծած» սկզբունքով: Պատահական չէ, որ դեռևս հազարամյակներ առաջ, իմաստուն մարդիկ կոնֆլիկտի հանգուցալուծման համար ուղղորդել են «պարզեք, ում է դա ձեռնտու»: Այսօր Գյումրիի գլխավոր պատանատու Ա. Շահբազյանը գոռգոռում էր, թե այդ տարածքն իր սեփականությունն է, և հենց վարչապետն էլ ասել է, որ էդտեղ պետք է կառուցվի: Եթե դա իրոք ճիշտ է, ուրեմն այդ տարածքն էլ կարելի է համարել Գյումրիի «օֆշորային գոտի»: Բայց Կիպրոսի դատախազի փոխարեն հիմա ո՞վ պիտի ասի ճշմարտությունը: