Tert.am - «Հայաստանում կրթությունը թանկ էր մինչև այս որոշումը։ Երկար տարիներ փորձել եմ զսպել ուսման վարձի թանկացումը, բայց բուհերի վիճակը վատթարանում է»,- այսօր մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ավելացրեց. «Այս հարցը կլուծեմ, ուսանողներին կհամոզեմ, որ իքսը իգրեկից մեծ է»:

Իսկ թե հարցը լուծել ասելով ի՞նչ նկատի ունի նախարարը, վերջինս հրաժարվեց պատասխանել:

ԿԳ նախարարի խոսքով՝ համակարգում լուրջ վիրաբուժական միջամտությունների ժամանակն է։ Եթե հիմա չկարողանանք քայլեր անել, ապա հետո համակարգը կտուժի. «Իմ անձնական խնդիրն եմ համարում՝ ապահովել լավ սովորող ուսանողների համար օպտիմալ սոցիալական փաթեթ, որպեսզի որևէ լավ ուսանող չզրկվի կրթությունից։ Որևէ ուսանող դուրս չի մնալու բուհից՝ վարձը չվճարելու պատճառով»։

Ուսման վարձի բարձրացումից դժգոհ ուսանողներից «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Մարտիրոսյանը հանդիպման սկզբում ուսանողների անունից ընթերցեց ԿԳ նախարարին ուղղված գրավոր նամակ։

Նամակի մեջ, մասնավորապես, ուսանողները խնդրում և առաջարկում են կասեցնել ուսման վարձավճարների թանկացումը։ Նրանք գտնում են, որ թանկացումները հիմնավորված չեն, ավելին՝ հակասում են ազգային շահին։ «Շատ ուսանողներ չեն կարողանալու ուսում ստանալ, ինչի արդյունքում ընկնելու է կրթության որակը։ Մեր՝ օրեցօր աճող արտագաղթի պայմաններում դա վտանգում է մեր պետականությանը, ուստի առաջարկում ենք նախարարին առաջիկա Աժ նիստում հանդես գալ ուսման վարձերի թանկացումը կասեցնող առաջարկով»,- ասված է ուսանողների նամակում։ Արմեն Աշոտյանը, արձագանքելով երիտասարդների՝ իրեն ուղղված նամակին, հայտարարեց, որ ազգաոչնչացման քաղաքականություն Հայաստանում չի կարող վարվել, իսկ եթե այդպես լինի, ապա, ըստ նախարարի, ինքը կդառնա պայքարի մասնակից։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ 2014թ. սեպտեմբերի 1-ից բուհերում ավելացվելու է պետպատվերի թիվը։ «Ես հավաստիացնում եմ, որ ուսանողների վրա ծախսվող գումարներն ավելի մեծ են լինելու, քան նրանցից հավաքագրվող ուսման վարձերը»,- նշեց Արմեն Աշոտյանը։