Իր բարձրությամբ և երկարությամբ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված «Տաթևեր» ճոպանուղին, կառուցվելով Սյունիքի մարզի հեռավոր և պատմական Տաթև գյուղում և նպատակ ունենալով նպաստել նաև շրջանի մի շարք բնակավայրերի զարգացմանը, այսօր արդեն նկատելի արդյունքներ է տվել: Ճիշտ է, գյուղում այսօր առաջին դասարան հաճախողների թիվը չի ավելացել, բայց ճոպանուղու տնօրենը ոչ միայն հույս, այլ նաև արդեն ուրախալի փաստեր ունի, որ նրանց թիվը դեռ կավելանա:

Ինչպես «People in need» կազմակերպության նախաձեռնած լրագրողական շրջայցի շրջանակներում Տաթև այցելած մի խումբ լրագրողների տեղեկացրեց «Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը, ճոպանուղու աշխատակիցներից երկուսն այնտեղ աշխատելու ընթացքում ամուսնացել են և շուտով երեխա կունենան: «Դա նշանակում է, որ շուտով առաջին դասարանցիներ էլ կտա գյուղին»,-ուրախությամբ նշեց տնօրենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Տաթևի գյուղապետն ասել էր, որ «Տաթևերը» գյուղին աշխարհի չափ զբոսաշրջիկ բերեց, բայց ոչ առաջին դասարանցիներ: Այսինքն՝ գյուղում այս տարի դպրոց հաճախողների թիվը դրանից չավելացավ, այլ հակառակը:

Աշխարհի ամենաբարձր և ամենաերկար ճոպանուղին Տաթևին տվեց մեծ շարժ, տուրիստական մեծ հոսքեր, ինչը, Վահան Մելիքսեթյանի կարծիքով, գյուղի տնտեսությանը մեծ օգուտ կտա: Ճոպանուղու տնօրենի խոսքով՝ միանշանակ, արտագաղթի առումով այն ինչ-որ խնդիրներ լուծել է: «Շատ է եղել, որ ինձ խնդրել են ինչ-որ մարդու աշխատանքի վերցնել, որովհետև նա պատրաստվում էր լքել Հայաստանը, և եթե հնարավոր է եղել, համապատասխան որակներն ունեցել է աշխատանքի համար, մենք ընդունել ենք աշխատանքի,-ասաց նա և ավելացրեց,-այս պահին ունենք աշխատողների կարիք, հայտարարությունները բոլոր գյուղերում տրված են, տոմսավաճառի, անվտանգության աշխատակցի հաստիքներ, մի քանի օր առաջ ևս չորս աշխատակցի ընդունել ենք»:

Մանրամասներն` այստեղ: