lragir.am 

Հայաստանում շարունակվում են հօգուտ Մաքսային միության ձախողված եվրոպական ընտրության վերաբերյալ քննարկումները: Հատկանշական է, որ խոսելով եվրաինտեգրացիայի մասին, քննարկման մասնակիցները հիմնականում նշում են հավանական շահերը՝ տնտեսական, ժողովրդավարական, իմիջային, աշխարհքաղաքական: Մաքսային միության մասով էլ խոսում են միայն կորուստների ու վնասների լույսի ներքո:
Հայաստանում կորուստներ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանն արդեն կորցրել է աշխարհքաղաքական ինքնուրույնությունը եւ սկսել է գործել ռուսական քաղաքականության ծիրում:


Ռուսաստանի հետ «սերտ» հարաբերություններն իրենց վրա կզգան նաեւ մեր զինվորները: Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ հնարավոր է որոշում ընդունվի 2014 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո աֆղանա-տաջիկական սահմանի պահպանության մանդատն այդ բլոկին փոխանցելու մասին: Այսինքն, հայ զինվորները կարող են արդեն մոտ ապագայում հայտնվել աշխարհի ամենաբարդ կետերից մեկում:

Բացի այդ, ինչպես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է ասում, Հայաստանին, ամենայն հավանականությամբ, կմտցնեն այսպես կոչված ռուբլու գոտի: Ռուբլին ոչ փոխարկելի արժույթ է աշխարհում, եւ այդ գոտի մտնելը Հայաստանի տնտեսության համար հավասարազոր կլինի մահվան, որն առանց այդ էլ անառողջ է:

Հասկանալի չէ, ինչպես կդասավորվեն խաղաթղթերը Հայաստանի այն ճյուղերի համար, որոնք փորձ է արվել ազատականացնել Արեւմուտքի օգնությամբ: Մասնավորապես, մինչեւ սեպտեմբերի 3-ը Երեւանը հայտարարում էր «բաց երկնքի» անցնելու մասին, որին աջակցություն էր հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Դա պետք է հանգեցներ ավիափոխադրումների գների նվազմանը եւ զբոսաշրջության աճին: Սակայն Մաքսային միության շրջանակում Ռուսաստանը հազիվ թե թույլ տա Հայաստանին բացել երկինքը: Իսկ դա նշանակում է, որ ավիափոխադրումների գները չեն նվազի, լավագույն դեպքում կմնան նույնը:

Հայաստանը խոշոր աշխարհքաղաքական վնասներ է կրել: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հարեւանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ակնարկել է, որ Եվրոպան պայմանավորվել է Հայաստանի հետ ասոցիացիայի հարցով՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի: Դա նշանակում է, որ հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորություն կար, եւ այն երկար ժամանակով կորել է:

Շարունակությունն` այստեղ: