Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:

 

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր աշխատողները, ծնված

 

1974 թվականից հետո, 2014 թվականի հունվարի 1-ից պարտավոր են կենսաթոշակային կուտակային հիմնադրամին պարտադիր մուծումներ կատարել իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, իսկ բոլոր նրանք, ովքեր կստանան 500 հազար դրամից ավելի աշխատավարձ, ապա պարտավոր են յուրաքանչյուր ամիս փոխանցել այդ հիմնադրամին 25 հազար դրամ:

 

Ներկայիս սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում, անորոշ և անհասկանալի տնտեսական զարգացման մոդելի և ընտրության առջև մոլորված ՀՀԿ-ի կողմից ցանկությունը' ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամ, ուղղակի նշանակում է թալանել առանց այն էլ ոչ բավարար աշխատավարձեր ստացող շուրջ 250 000 հազար քաղաքացիների, հետևաբար և' նրանց ընտանիքների անդամների:

 

Իրականացվող կործանարար քաղաքականության ժամանակաշրջանում տվյալ պարտադիր կուտակային հիմնադրամը մեզանից տարեկան կգանձի հարյուրավոր միլիոն դոլարներ, որոնք կկուտակեն անհայտ մի կառույցում, որի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը և գումարների հետ ստանալու անմիջական պահանջը բացառվում է:

 

Ոչ ոք չի մոռացել նախկին ԽՍՀՄ խնայդրամարկղներում ժողովրդի ներդրած ավանդների դառը ճակատագիրը, երբ մեր ժողովուրդը, մտածելով վաղվա օրվա մասին և ունենալով հավատ Խորհրդային Միության նկատմամբ, վստահել էր իր խնայած միլիոնավոր ռուբլիները պետական բանկային համակարգին, որոնք այսօր կազմում են միլիոնավոր դոլարներ:

 

Ակնհայտ է, որ ձեռնարկվել է հերթական դրամաշորթությունը, որը գալիս է լրացնելու մինչ այժմ ընթացող' մեր գրպանները դատարկելու քաղաքականությունը, և որի դեմ մենք դեռ արդյունավետ և սթափեցնող քայլ չենք ձեռնարկել:

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33-րդ հոդվածի' «աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք»: Այս իրավունքի իրացումը մեր կողմից զանգվածաբար կիրառելու դեպքում կհանգեցնի դրամաշորթության դադարեցմանը և գրպանահատներին զերծ կպահի կողոպուտից, որի անվանումն է պարտադիր կենսաթոշակային կուտակային հիմնադրամի ներդրում:

 

«Ժառանգությունը», գնահատելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով, որ խորհրդարանական մեծամասնությունը սույն հարցի վերաբերյալ մերժեց նույնիսկ լրացուցիչ քննարկման անցկացումը ՀՀ ԱԺ արտահերթ նիստում' կոչ է անում բոլոր աշխատողներին նախաձեռնել աշխատանքային կազմակերպչական խմբերի գործունեություն' համազգային գործադուլ իրականացնելու համար:

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն