Դավիթ Սանասարյանը հանդես է եկել գործադուլի կոչով:

«Սիրելի ժողովուրդ, մեզ է ողջունել Ամերիկայի հայությունն ու ի աջակցություն մեզ, այնտեղ բողոքի ակցիա է իրականացրել: Ի դեպ, եթե հետեւեք լրատվականներին, աշխարհի բոլոր անկյունների հայերը սրտի թրթիռով սպասում են, թե երբ է գալու այն օրը, երբ ունենալու ենք ազատ, անկախ, անսերժ Հայաստան: Բողոքի ակցիա է իրականացվել Գյումրիում, սպասում ենք, որ մյուս քաղաքներն էլ կմիանան, կլինեն այստեղ եւ այդ պարագայում Սերժ Սարգսյանն ու իր թիմը էլ անելիք չեն ունենա:

Կարեւոր է, որ մենք այստեղ լինենք գիշեր ու ցերեկ: Մի մտածեք, որ եթե կիրակի օրը մնաք, բայց երկուշաբթի աշխատանքի եք, ինչպե՞ս վարվել, սա քաղաքական պայքարի աշխարհում ընդունված ձեւ է՝ դիմել գործադուլի:

Կոչ ենք անում, որ բոլոր ծառայությունների աշխատակիցները դուրս գան փողոց, հայտարարեն գործադուլ ու չվախենան, թե իրենց աշխատանքից կազատեն, որովհետեւ եթե մենք բոլորս դա անենք, ղեկավարներն այլ անելիք չեն ունենա: Կոչ ենք անում՝ արեք գործադուլ եւ 1-2 օրում ռեժիմը կոլապսի մեջ կհայտնվի: Մենք մինչեւ հիմա չենք փորձել, եկեք աշխարհին ցույց տանք, որ կարող ենք գործադուլ անել: Սիրելի ժողովուրդ, բավական է 80, 100 կամ 120 հազարի համար մնալ ստրկության մեջ, ես ինքս արդեն 10 օր չեմ գնում աշխատանքի: Մի մտածեք «եղունգ ունես գլուխդ քորի» տարբերակով, այլ մտածեք, որ «երկրի գլուխը քորեք»,- ասել է Սանասարյանը: