Ազգային ժողովում քվեարկության դրվեց 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը դեմ է քվեարկելու բյուջեին:

 

«2014 թվականի պետբյուջեի դեմ քվեարկելու որոշումն ամրապնդվեց Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի ելույթը լսելուց հետո. նա վիճակագրություն բերեց ծայրահեղ աղքատության մասին և կես խոսք չասեց, որ այս վիճակը նաև ստեղծվել է իր Կառավարության շնորհիվ: Ես ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի՝ մարտին տրված ասուլիսում, նա ասաց, որ Կառավարությունը պետք է 7 տոկոս տնտեսական աճ ապահովի, իսկ եթե չապահովի, պետք է հրաժարական տա»,-եզրափակեց Փաշինյանը:

 

Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը' նշելով, որ Կառավարությունն իր ուղարկած առաջարկներին դրական պատասխան է տվել, ուստի՝ ինքը կողմ է քվեարկելու պետբյուջեին:

 

Պետբյուջեի օրենքի նախագիծն ընդունվեց 70 կողմ, 40 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: