Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի' Երևան կատարած այցն արժանանում է տարբեր գնահատականների ու մեկնաբանությունների թուրքական մամուլում: Մասնավորապես «Դունյա» կայքը «Դավութօղլուն' 4 անց Երևանում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ դիտարկվում են այցի բնույթը, բովանդակությունը և նպատակները: Գրում է Ermenihaber-ը:

 

«Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին մասնակցելու բացի Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցն այլ ասպեկտներ էլ է ներառում: Ընդգծվում է այն հանգամանքը, որ Դավութօղլուի այցը պետք է դիտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շարունակությանն ուղղված կամքի դրսևորման ժեստ:

 

«Այդ այցով Անկարան ցույց տված կլինի, որ չնայած 3 տարվա դադարին, կարգավորման ջանքերը չեն դադարեցվել, առնվազն ցույց կտա, որ կարգավորման գործընթացի կասեցնողն ինքը չի եղել: Բացի այդ ուղիղ շփումը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը վերակենդանացնելու ուղղությամբ կատարված համատեղ քայլ կլինի»:

 

Միևնույն ժամանակ հոդվածում նշվում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Այն է' Անկարան ցանկանում է լավացնել հարաբերությունները Երևանի հետ, բայց ճիշտ չի համարում դա անջատել տարածաշրջանային խաղաղության ամբողջական գործընթացից:

 

«Անկարան տարածաշրջանի խաղաղության և կայունության թեման դիտում է որպես մեկ ամբողջություն և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ջանքերը համարում միմյանց աջակցող է հանգամանքներ»:

 

Նշվում է, որ Անկարայի այն տեսակետը, թե ղարաբաղյան հիմնախնդրի հարցում պետք է առաջխաղացում ապահովող քայլ կատարվի, իրականում ոչ թե պայման է, այլ տարածաշրջանային խաղաղության գործընթացի հրամայականով առաջին պլան եկած անհրաժեշտություն: Ըստ աղբյուրի' Դավութօղլուն Երևանում ուշադրություն է հրավիրելու հենց այդ հանագամանքի վրա:

 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործըթնացում ադրբեջանական գործոնի ունեցած դերի վերաբերյալ անդրադարձում հղում է տրվում դիվանագիտական աղբյուրներին և նշվում, որ Անկարան կարգավորման գործընթացը կոորդինացնում է Ադրբեջանի հետ:

 

«Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ հունիս ամսից սկսած Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվում են ամենամսյա բարձր մակարդակի փոխայցեր: Երկուստեք միմյանց իրազեկում են գործըթնացների մասին և խորհրդակցական աշխատանքներ տանում»: