Mediamall.amն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները...

 

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան Ջրաբերդ և հարավ-արևելյան Կորգան ուղղություններով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման, այնուհետև բռնկված փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից մահացած կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը ընտանիքի միակ արու զավակն էր: Ավան համայնքում, որտեղ բնակվում է նա, սուգ է: Արմենի դին հայրենի օջախում կլինի այսօր, իսկ վաղը նրան կհուղարկավորեն:

 

Արմենի մարմինը Արցախից Երևան է բերել նրա հրամկազմը: Վերջիններս Արմենի հարազատների հետ զրույցում իրենց հիացմունքն են հայտնել Արմենի մարտական պատրաստվածության, ինչպես նաև արիության առթիվ:
Բարեկամներից մեկը Lragir.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արմենը ունի երեք քույր: 4 ամսից նա զորացրվելու էր և զբաղվեր գեղանկարչությամբ: Ի դեպ, մեկուկես տարի առաջ զորակոչվելիս երեք օր ու գիշեր խնջույք են կազմակերպել: Նա երբեք բանակում ծառայությունից չի խուսափել: Նրա հետ միաժամանակ Ղարաբաղ են զորակոչել նաև նրա 4 զարմիկի: «Չորսին էլ Ղարաբաղ տարան», պատմեց հարազատներից մեկն ու հավելեց. «Չորս եղբայրներն էլ առավոտյան արդեն այստեղ կլինեն»:

 

Ի դեպ, հարազատները տեղի ունեցածի մասին տեղեկացել են ոչ թե լրատվամիջոցներից, այլ անմիջապես զորամասից: «Հրամանատարությունը շոկի մեջ էր: Իրենք էլ մասնակից են եղել: Դե ով կուզեր նման բան լիներ, մի երեխայի ծնող էլ իրենք են: Ինչ էլ հիմա ասենք, որքան էլ սփոփենք, մեկ է, երեխու կյանքը էլ հետ չենք բերի»,- ասաց հարազատներից մեկը:

 

Նրա խոսքով՝ Ղարաբաղից Արմենի դին ուղեկցողները պատմել են, որ նա իր գործողություններով տասը մարդու կյանք է փրկել: «Նա կարող էր դիմել փախուստի, քանի որ ունեցել է դրա բոլոր հնարավորությունները, բայց Արմենն արիաբար պայքարել է, դիմադրել թշնամուն»,- ասացին հարազատները:
Նրանք նաև պատմեցին, որ Արմենի հորեղբայրը նույնպես մահացել է 18 տարեկանում, հետագայում հայրն իր որդուն նրա պատվին անվանակոչել է Արմեն:

 

Արմենի հայրը՝ Լևոն Հովհաննիսյանը, ներողություն խնդրելով հրաժարվեց խոսել. «Միայն ոչ հիմա, հիմա չեմ կարող»,- ասաց նա՝ խեղդելով արցունքները:
Բարեկամները նաև պատմեցին, որ Արմենը խելոք և հավասարակշռված անձնավորություն էր. «Բանակի քեֆին իրեն խորհուրդներ էինք տալիս, թեև դրա կարիքն ընդհանրապես չկար: Նա չափված-ձևված անձնավորություն էր: Չենք հավատում, որ նա այլևս չկա»:

 

Նշենք, որ Ավան թաղամասում նրանց փողոցը լեփ-լեցուն էր Արմենի հարազատներով, հարևաններով, ընկերներով ու մտերիմներով, իսկ դարպասներից ներս լսվում էր մոր և տատիկի աղեկտուր լացը:
Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և հետ շպրտել թշնամուն՝ պատճառելով մեծ քանակի կորուստներ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

 

***

 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի երեկ իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Երևանի Եռաբլուր պանթեոնում:

 

Թաղման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին' ժամը 14:00-ին:

 

***

 

Տիկին Մարինան այսօրվա պես հիշում է որդուն բանակ ճանապարհելու օրը: «Ամուր գրկել էի, չէի թողնում, երևի սիրտս մի բան վկայում էր»,- yerkir.am-ի հետ զրույցում, խեղդելով արցունքները, պատմեց որդեկորույս մայրը:

 

Արմեն Հովհաննիսյանը, ով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհվեց' ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կանխելով հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակումը, սովորում էր Մշակույթի պետական քոլեջի կինոսարքավորումների և տեսատեխնիկայի բաժնում: 3-րդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ և մտադրվել վերադառնալուց հետո աշխատանքի անցնել որևէ հեռուստատեսությունում' որպես լուսային կամ հնչյունային օպերատոր:

 

Մոր խոսքով' որդին սիրում էր իր մասնագիտությունը, մի քանի տեսանյութեր էր հասցրել պատրաստել, որոնցից մեկը մայրը պահել էր: Արմենը երեք քույր ունի, մեկն ամուսնացած է: Մոր պատմելով' որդին երազում էր վերադառնալ և անպայման տեսնել ավագ քրոջ նորածին դստերը, բայց…

 

«Այնքան ջուր կհոսի, մինչև որ հասկանամ, որ նա այլևս չկա»,- ասաց մայրը և հավելեց, որ շատ կուզենար զգալ, թե ի՞նչ է որդին զգացել և մտածել մահվանից առաջ:

 

«Բայց այդ հողի համար շատ արյուն հեղվեց ու հեղվում է մինչև այսօր»,- ասաց տիկին Մարինան:

 

Հովհաննիսյանի տան առջև հավաքված նրա հարազատներն ու հարևանները հպարտությամբ մեկը մյուսին պատմում էր Արմենի գործած սխրանքի մասին, սակայն ոչ ոք չէր ուզում հավատալ, որ այդ համեստ և շնորքով տղան այլևս չկա: Արմենի դրկիցը'Արցախյան պատերազմի վետերան, Գերագույն խորհրդի պատգամավոր Սմբատ Հակոբյանը պատմեց, որ Հովհաննիսյանների ընտանիքը 3-4 տարի է, ինչ իրենց հարևանությամբ է ապրում: «Արմենին միշտ տեսել ենք համեստ, նրա հետ զրուցել ենք հայի հետ կապված տարբեր թեմաներից: Նրա արարքը մեզ բոլորիս ցնցել է»,- ասաց նա:

 

Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը կկայանա վաղը՝ հունվարի 22-ին, զինվորին կհուղարկավորեն զինվորական կարգով։

 

Մանրամասները' yerkir.am-ի տեսանյութում:

 

 

***

 

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը կարծես կանխազգացել է իր մահը: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում պատմեց դեպքի օրը Արմեն Հովհաննիսյանի հետ դիրքերում գտնվող զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանը:

 

«Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց պատկերացնում ես' ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի' Աստված չանի, տենց բաներ մի խոսա»,-պատմեց Նորայր Մկրտչյանը:

 

Նրա խոսքով' վերջին օրերին Արմեն Հովհաննիսյանը անընդհատ ասում էր, որ ընդամենը 5 ամիս է մնացել ծառայության ավարտին. «Պատկերացնո՞ւմ ես՝ 5 ամիս, հլը բերանով ասա՝ 5 ամիս»:

 

Նորայր Մկրտչյանը պատմեց, որ Արմենն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և բարձր պատասխանատվությամբ:

 

Նորայրը պատմեց ողբերգության օրվա մանրամասները. Առաջին կրակոցն անցել է նրանց գլխավերեւով, Արմեն վազելով մտել է կացարան, զեկուցել դիրքի ավագին, վերադարձել ու հրահանգել՝ համար 1 պատրատություն։ Դրանից հետո 10-15 րոպե ոչինչ տեղի չի ունենում։ Արմենը գնում է տարածքը ստուգելու։ Վերադառնում է, ասում՝ «նորմալ ա, տղերք ջան, գնամ դիտակետից դիտարկում անեմ, այդ պահին կրակոց է լսվում նրա ուղղությամբ»։

 

Նորայրը կրակոցի ուղղությամբ հինգ պատասխան կրակոց է ուղարկում, ու այդ պահից սկսվում է անկանոն կրակահերթը հայկական դիրքերի ուղղությամբ։ Նորայրը վիրավորվում է, դիրքի ավագը նրան տեղափոխում է կացարան, որից հետո կազմակերպում պաշտպանությունը, որը տեւում է մոտ կես ժամ։ Երբ ամեն ինչ վերջանում է՝ պարզում են, որ Արմենը զոհվել է։

 

Վերջին բառերը, որ Արմենից լսել է Նորայրը. «Վախ, վախ, վախ»։

 

Արմենին հողին կհանձնեն վաղը Եռաբլուրում։ Կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։