Թուրքիան ԵԱՀԿ անդամ պետություն է, այն տարածաշրջանային երկիր է, եւ հենց այս նկատառումներից ելնելով պետք է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Թուրքիա կայանալիք այցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կովկասի ինտստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նաեւ նշեց, որ ամերիկացի համանախագահը Թուրքիա է մեկնում հասկանալու Անկարայի մոտեցումները, պարզելու փոփոխու թյունների հնարավորությունները:

 

«Համանախագահը կփորձի հասկանալ' արդյոք կա՞ փոփոխություն Թուրքիայի' Հայաստանի հանդեպ մոտեցումներում: Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է ինչ-որ սպասելիքներ ունենանք, քանի որ այցելությունները համանախագահների ամենօրյա աշխատանքն են, եւ նրանք կարող են հանդիպումներ ունենալ պետական մարմինների ներկայացուցիչների, փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ»,- նշեց Մինասյանը:

 

Ըստ քաղաքագետի' Թուրքիայի մոտեցումները, պարզաբանումը չի կարող հակամարտության կարգավորման համար վտանգավոր լինել կամ որեւէ ազդեցություն ունենալ: Նրա խոսքով' վտանգի աստիճանը որեւէ կերպ չի կարող փոխվել: «Սա, իհարկե, չի նշանակում, որ կնվազի վտանգն ու ստատուս քվոյի վիճակը կփոխվի: Սակայն վերջին տարիներին երկու լուրջ փոփոխություններ եղան, որոնք կարող էին ազդել ստատուս քվոյի վիճակի վրա: Դրանցից առաջինը հայ-թուրքական արձանագրություններն էին, երկրորդը' Մաքսային միությանը անդանակցելու Հայաստանի որոշումը: Երկուսի պարագայում էլ լուրջ փոփոխո ւթյուններ տեղի չունեցան, իսկ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտնելուց հետո ռազմական առումով ուժեղացան Հայաստանի դիրքերը: Մոտակա ժամանակաշրջանում չի կարող լինել ֆորսմաժորային իրավիճակ, որը կարող է թուլացնել ստատուս քվոն' թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի պարագայում»,- ասաց քաղաքագետը:

 

Անդրադառնալով այն մտահոգությանը, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման նախապայման դիտարկում է Ղարաբաղյան հակամարտությունը, քաղաքագետն ասաց, որ համանախագահները չեն պատկերացնում եւ ընդունում կապը Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական արձանագրությունների միջեւ: «Հետեւաբար, այս առնչությամբ մտահոգություններ չկան: Որեւէ մեկը չի ցանկանում, որ հակամարտության կարգավորումն ավելի դժվարանա: Իսկ համանախագահները հասկանում են, որ Ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերություններին կապելով, խնդրի լուծումը մի քանի անգամ կբարդանա:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ մեկնում է Թուրքիա' լսելու երկրի տեսակետը: