Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:

 

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

 

Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կարո Չոբանյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին Խոջոյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 

«Ես քիչ առաջ մարզի առողջապահության վարչության պետի հետ եմ խոսել, ով ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Խոջոյանը բժիշկների հսկողության տակ է, ինքն իրեն լավ է զգում, իհարկե չի ճանաչում, չի խոսում, բայց իր վիճակը լավ է: Կան կապտուկներ, բայց վարչության պետն ասաց, որ իրենք այդ մասին չեն կարող որևիցե բան ասել, մինչև ինքը չխոսի և պատմի»,-ասաց գյուղապետը:

 

Վերջինիս խոսքով' այսօր Կարմիր խաչն այցելելու է Խոջոյանին և ամենայն հավանականությամբ նրան դուրս կգրեն հիվանդանոցից:

 

Կարո Չոբանյանը նշեց, որ ավելի ուշ կարող է հստակ ասել' ինչու են Խոջոյանի վրա եղել կապտուկների և կոտրվածքներ: