«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրը կարող է ոչ միայն պահպանվել, այլև ծառայել օդանավակայանի կարիքների համար: Մարտի 28-ին հրավիրված ասուլիսում Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հայտնեց, որ իրենք այս եզրակացությանն են հանգել ենթահանձնաժողովի'ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում մարտի 26-ին տեղի ունեցած «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի քննարկման ընթացքում: «Մենք համաձայնության եկանք վերանայել ճարտարապետական մոտեցումները: Քաղաքացիական ավիացիայի մասնագետները պնդում են, որ շենքը վատ վիճակում է, սեյսմակայուն չէ, սակայն մեր ինժեներներն ասում են հակառակը' պնդելով, որ շենքի սեյսմակայունությունը կարելի է համեմատել ամբողջ Երևանի սեյսմակայունության հետ»,-նշեց Ազիզյանը:

 

Նա նշեց, որ մոտ երկու ամիս առաջ Հայաստանի ճարտարապետների միության 40 ներկայացուցիչներ բովանդակալից նամակ էին հղել ՀՀ նախագահին, վարչապետին և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման նպատակով:

 

Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահը նշեց, որ քննարկման արդյունքում իրենք որոշում են կայացրել շենքը պահպանելու վերաբերյալ քայլեր ձեռնարկել: «Շենքը կամրացվի, և հետագայում կարող է ծառայել տարբեր նպատակների համար: Թե հստակ ինչ նպատակի համար կարող է ծառայել շենքը, կարելի է որոշել նաև մրցույթի միջոցով և ընտրել լավագույն գաղափարը»,- կարծիք հայտնեց բանախոսը: Նա շեշտեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը շատ հայտնի, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցած կառույց է, որը խորհրդային մոդեռնզիմի վառ օրինակներից մեկն է: «Ճարտարապետների միջազգային միությունը նամակ է հղել ՀՀ կառավարությանը այն պահպանելու համար»,-ասաց Ազիզյանը: Նա նաև նշեց, որ բացառված չէ, որ Էդուարդո Էռնեկյանին լավ չեն ներկայացրել օդանավակայանի հին ուղևորային համալիրի ողջ հնարավորությունները:

 

Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովը ցանկանում է դիմել նաև ՀՀ մշակույթի նախարարութուն' առաջարկելով «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը ներառել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: