Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա և Դուելա թաղամասերում հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդներն ընկել են դպրոցների վրա, ինչի հետևանքով մեկ երեխա զոհվել է, ևս 41-ը՝ վիրավորվել: Դամասկոսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներից մ եկն ընկել է Բաբ Թումայում ալ Մանար դպրոցի վրա, որի հետևանքով 1 երեխա է զոհվել, ևս 36-ը վիրավորվել են: Մեկ այլ հրասանդ ընկել է Դուելայում Մար Էլյաս եկեղեցու մոտ գտնվող դպրոցի վրա, որի հետևանքով 5 քաղաքացի են վիրավորվել:
Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Դամասկոսի Ջարամանա թաղամասում հրասանդներ էին ընկել, որոնց հետևանքով 2 քաղաքացի զոհվել էին, ևս 15-ը՝ վիրավորվել: Թվով 33 հրասանդ ընկել են Ջարամանայի տարբեր հատվածներում:
Մյուս կողմից' ականապատ մեքենա է պայթել Հոմսի Աքրամա թաղամասում: Նախնական տեղեկություններով 4 քաղաքացի էին զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել: Բացի այդ, հրթիռ է ընկել Հոմսի Հաջ ալ Ատիֆ հրապարակում, ինչպես նաև Համրա թաղամասում: Ռումբերը խլել են 3 մարդու կյանք, 21 վիրավոր են գրանցվել:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության 3 տարվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: