Առնվազն 118 մարդ է զոհվել Նիգերիայի Ջոս քաղաքում երկու հզոր պայթյունների հետեւանքով, վիրավորվել է հիսունից ավելի բնակիչ: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները:

 

Փրկարարները կարծում են, որ զոհվածների թիվը դեռ կաճի, քանի որ շատ մարդիկ կարող են գտնվել այն շենքերի փլատակների տակ, որոնք ավերվել են պայթյուններից:

 

Առաջին պայթյունը որոտացել է շուկայում, երկրորդը՝ հիվանդանոցի մերձակայքում: Առայժմ ոչ ոք չի ստանձնել այդ պայթյունների պատասխանատվությունը, սակայն անցյալում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները քանիցս հարձակումներ են կատարել քաղաքի վրա:

 

Տեղի նահանգապետի ներկայացուցիչը Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է, որ զոհվածների մեծ մասը կանայք են: Շուկան գտնվում է քաղաքի կենտրոնում:

 

BBC-ն, հղում անելով ականատեսներին, նշում է, որ հիվանդանոց են տեղափոխվում մինչեւ անճանաչելիության աստիճան այրված մարմիններ:

 

Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը դատապարտել է հարձակումը եւ հայտարարել, որ մտադիր է երկրում շարունակել պայքարն ահաբեկչության դեմ: