ՆԱՏՕ-ն հավատարիմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կնուդ Բարթելսը:

 

«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկա ճգնաժամի ապաէսկալացմանը և կարգավորմանը քաղաքական լուծման շրջանակներում»,- ասել է նա' մայիսի 21-ին Բրյուսելում բացելով Հյուսիսատլանտյան դաշինքի 28 երկրների գլխավոր շտաբների պետերի երկօրյա հանդիպումը:

 

Դրա հետ մեկտեղ գեներալ Բարթելսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն կդրսևորի իր հավատարմությունը դաշինքի անդամ երկրների հավաքական պաշտպանությանը: Ռազմական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ մայիսի 21-ին, օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի երկրների զորապետերն ամենամյա հանդիպում կանցկացնեն «մեր ուկրաինացի գործընկերոջ» հետ:

 

Նախօրյակին Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ «գլխավոր շտաբների պետերը կքննարկեն Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը և դրա հետևանքները ՆԱՏՕ-ի համար, կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրադրության շուրջ, ինչպես նաև կգնահատեն ճգնաժամերին հակազդելու ՆԱՏՕ-ի պատրաստությունը»:

 

Երկօրյա նիստի շրջանակներում դաշինքի երկրների զորահրամանատարները առանձին հանդիպումներ կանցկացնեն Ուկրաինայի և Վրաստանի իրենց գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն զինվորականների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես, համատեղ վարժանքների անցկացման գործում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: