ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզի ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ և ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ‹‹Իջևանի դենդրոպարկ›› հիմնարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին միասնական աշխատանքի և առկա դժվարությունները հաղթահարել կարողանալու համար' միաժամանակ ընդգծելով. «Դիլիջան ազգային պարկը» մեր ազգային հարստություններից է, և մենք պետք է առավելագույն ուշադրություն և հետևողականություն ցուցաբերենք տարածքի պահպանման հարցերում:

 

Մենք պետք է կարողանանք բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքներից ճիշտ օգտվելու մշակույթը մեր երկրում և խստագույնս պատժել չ արաշահումներ և խախտումներ թույլ տվողներին' անկախ սոցիալական դիրքից››: Արամայիս Գրիգորյանը որոշակի խնդիրների և թերացումների շուրջ դիտողություններ է արել ազգային պարկի տնօրինությանը' հույս հայտնելով, որ շատ մոտ ապագայում դրանք կշտկվեն և կհարթվեն:

 

Նախարարը WWF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման համատեղ ծրագրի շրջանակներում Դիլիջան ազգային պարկի տարածքում հատկացվելիք հնարավոր վայրը, ծանոթանալու եղջերուների բուծման պայմաններին: Արամայիս Գրիգորյանը կարևորել և ողջունել է կովկասյան ազնվացեղ եղջերուի Հայաստան վերադարձի ծրագիրը, ինչը կխթանի նաև տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացումը:

 

‹‹Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնի ստեղծման տարածքի ընտրությունը պետ ք է պայմանավորվի մի քանի հանգամանքներով: Բացի այն, որ տեղանքը նպաստավոր պետք է լինի եղջերուների բուծման համար, այն նաև սոցիալական խնդիր է լուծելու' ստեղծելով աշխատատեղեր մոտակա գյուղի բնակիչների համար: Ազնվացեղ եղջերուներին կերակրելու և նրանց վայրի բնության գրկում հետևելու հնարավորությունը մեծ խթան կհանդիսանա էկոտուրիզմի զարգացման համար››,-եզրափակել է նախարարը:

 

Նախարար Արամայիս Գրիգորյանը մարզային այցի շրջանակներում ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ղեկավար Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Իջևանի դենդրոպարկ›› հիմնարկ, որտեղ ծանոթացել է ծառերի և թփերի հազվագյուտ տեսականին և դրանց պահպանման պայմաններին: Դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը ներկայացրել է աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախանշված ծրագրերը: Նախարարը հրահանգել է ուժեղացնել պահպանվող բուսատեսակների հսկողությունը և ներկայացնել հստակ ծրագրեր պարկի հնարավորությունների ընդլայնման, էկոտուրիզմի զարգացման հեռանկարների վերաբերյալ: