Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում, հուլիսի 14-ին այցելել է Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» մշակութային կենտրոն:

 

Դեռ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան եղած ժամանակ Հովհաննես Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգևոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ է հանդիսացել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարական աշխատանքների ներկա վիճակով: Սրբազանը նախարարին տեղեկացրել է, որ արդեն իսկ սատարվել են եկեղեցու ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքներ, սակայն եկեղեցու ներքին վերականգնումը առջևում է: Նա հույս է հայտնել, որ հիմնանորոգումից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

 

Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների և ավերածությունների, սակայն կանգուն է մնացել' շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել էր 1924 թվականին: