Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը, ԵՏՄին Հայաստանի անդամակցության հարցն ընդգրկված է Ռուսաստանի կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում:

 

«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության' Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Մաքսային միության երկրներին բարձրացնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի, ամբողջանում է ԱՊՀ տարածքում խոշորագույն միասնական շուկայի (170 մլն մարդ) ձևավորման գործընթացը:

 

Հուլիսի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուսական դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նշել է, որ շատ մոտ ապագայում Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: