Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանության արժանացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Կառավարության հավանությունից հետո փաստաթուղթը ներկայացվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախս տանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության' Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայք:

 

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել նաեւ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին, որը կներկայացվի նախագահին' Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար: Նույն փաստաթուղթը պետք է ընդունեն նաեւ Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ եւ երեք պետությունների կառավարությունների համաձայնությամբ են ընդունվում որոշումներ: