Մինչև տարեվերջ Ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) կգործի նաև Շիրակում: Կենտրոնը կտեղակայվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության տարածքում: Շինվերանորոգման աշխատանքները հատկացված տարածքում այս պահին գրեթե ավարտված են: Վերջերս ՃԿԿ բացվեց Լոռիում, իսկ ՀՀ ԱԻ նախարարի հանձնարարականով մինչև 2015 թվականի ավարտը նմանատիպ կենտրոններ պետք է ունենան հանրապետության մյուս մարզերը ևս:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: «Ներկա պահին էլ աշխատանքները ընթանում են: Հնարավորինս սեղմ ժամկետներում դրանք ամբողջովին կավարտվեն: Ճիշտ է, Շիրակի մարզի փրկարարական ծառայության կառույցն այնքան էլ լավ պայմաններ չունի, եթե հաշվի առնենք կառույցի վթարայնության աստիճանը, սակայն ՃԿԿ-ի համար հատկացրել ենք համամատաբար լավ տարածք, իսկ դրան զուգահեռ աշխատանքներ ենք տանում փնտրելու և գտնելու այն տարածքը, որտեղ հնարավո ր կլինի ապագայում տեղակայել մարզի նոր ճգնաժամային կառավարման կենտրոնը, այնպես՝ ինչպես Լոռիում է»,-նշեց վարչության պետը:

 

Տարածքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կենտրոնը կհագեցվի անհրաժեշտ տեխնիկայով: Պատասխանատուն վստահեցրեց, որ մարզում չկա նաև կադրերի խնդիր: Այս պահին մարզի փրկարարական վարչությունն ունի օպերատիվ ահազանգերին արձագանքող ճգնաժամային կառավարման տարածք, որն ի տարեբերություն կենտրոնի, համեմատաբար փոքր է՝ քիչ հնարավորություններով:

 

Կենտրոնը կապ կունենա ոչ միայն ՀՀ ԱԻ նախարարության, այլ նաև բոլոր մարզերի հետ: Այն նաև հնարավորություն կունենա, անհրաժեշտության դեպքում, իրականացնել գործողությունների ղեկավարում:

 

Արմենուհի Մխոյան