Մեծ Բրիտանիան Իրաքին խոշոր տրամաչափի գնդացիրներ և զինամթերք է տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, զենքերի ընդհանուր արժեքը կազմել է 1,6 միլիոն ֆունտ ստերլինգ: Բեռն Իրաք կհասնի սեպտեմբերի 10-ին:

 

Միացյալ Թագավորության պաշատպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ զինամթերքն ուղարկվել է Բաղդադի, ինչպես նաև իրաքյան Քրդստանի պաշտոնական խնդրանքից հետո: Նա ավելացրել է, որ Լոնդոնը պարտավորվում է հետագայում նույնպես Իրաքի բանակին և բեշմերգի ուժերին զենք տրամադրել՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կքննարկի Իրաքի կառավարությունից օգնության ցանկացած խնդրանք: Նրա խոսքով' ՆԱՏՕ-ն մինչև այժմ որևէ հարցում չի ստացել Իրաքից' ԻԼԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Ես համոզված եմ՝ եթե Իրաքի կառավարությունը դիմի օգնության խնդրանքով, Դաշինքի համախոհները լրջորեն կուսումնասիրեն այն»,- նշել է Ռասմուսենը: