Օրվա կարևորագույն տեղեկատվությունն ըստ «Mediamall.am» լրատվականի.
Ավտոմեքենան կախվել է ձորը. կան տուժածներ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 04OU700 պ/հ ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գազատարի և մասամբ կախվել ձորը:
Ուղևորներ' Ա. Հ.-ը (ծնվ. 1991թ.) և Ն. Պ.-ն (ծնվ. 1990թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
***
Հրդեհ՝ Կապան քաղաքում
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք սովխոզ» կոչվող հատվածում այրվում է արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սյունիք գյուղի Գաղթականեր փողոցի թիվ 39 հասցեում՝ «Որդի Սպարտակ» ՍՊԸ-ին պատկանող պահեստի էլ. վահանակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.15-ին, մարվել՝ 05.30-ին:
Այրվել է 3 գմ էլ.մալուխ և կախովի առաստաղը՝ 20 քմ:
***
Իրար չենք ուտում. Ռուբեն Հակոբյանը՝ իր և Զարուհի Փոստանջյանի հարաբերությունների մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն Ազգային ժողովում այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հերքեց այն տեղեկությունը, որ իր և խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են:
«Բնականաբար, իրար չենք ուտում, ոչ մի բան չկա իմ և Զարուհի Փոստանջյանի միջև, օրումեջ գոնե անդրադառնում են դրան, ուղղակի երևի հետաքրքիր է, որ ամեն օր մի թերթ գրի: Անհոգ եղեք, որևէ բան չկա»,- ասաց Հակոբյանը:
***
Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1976թ. ծնված Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:
Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
***
Ես ասում էի՝ մոռացեք, քառյակը հրաշալի չի լինում. Աղվան Վարդանյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի խոսքով՝ քառյակն այսօր էլ գործում է և նրանց հանդիպումը եղել է մի քանի օր առաջ:
«Երբ առաջին նախագահի թեթև ձեռքով ու մտքով մտավ շրջանառության մեջ «հրաշալի քառյակ» տերմինը, ես ասում էի՝ մոռացեք, քառյակը հրաշալի չի լինում, չորս ուժեր են, որ անում են իրենց գործը, որոշ հարցերի շուրջ համագործակցում են»,- այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Վերջինս, անդրադառնալով հարցին, թե Ռուբեն Հակոբյանը նշել է, որ եռյակի մարզային հանդիպումների ժամանակ ժողովուրդն իշխանափոխություն է պահանջում, արդյո՞ք ինքը ևս կիսում է այդ տեսակետը, ասաց. «Ես չեմ վերցնի ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ հանրահավաք կանենք, ժողովուրդը կգա ու կորոշի՝ ինչ պիտի անենք, սա պարզ մանիպուլյացիա է, սա պատասխանատու քաղաքական գործչի անելիք չէ, մենք շատ ենք սիրում ժողովրդի անունից խոսել:
Միշտ մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը, քաղաքական մարդիկ, տվյալ երկրի էլիտան. թաքնվել ժողովրդի հետևում՝ ճիշտ չէ: Ժողովրդին ասում են՝ որն է ճիշտը ու գնում են դրա հետևից»:
Աղվան Վարդանյանը նշեց նաև, որ շատ ուրախ կլինի, որ եռյակի հանրահավաքը լինի հաջողակ ու մարդաշատ:
***
Իլհամ Ալիևը տարածաշրջանային բռնապետ է. The American Interest
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը, օգտվելով այն հանգամանքից, որ Արևմուտքը զբաղված է «Իսլամական պետության» և ուկրաինական ճգնաժամի հարցերով, ավելի ընդլայնեց ճնշումները, հետապնդումները, սպառնալիքներն ու ձերբակալություններն այլախոհների նկատմամբ: Անգամ ԱՄՆ քաղաքացիներն ու հասարակական միջազգային կազմակերպությունները դարձան այս ճնշումների զոհը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The American Interest կայքը' նշելով, որ այս գործողությունները պատասխան են պահանջում:
Հոդվածի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի նախագահին պետք է ներառել տարածաշրջանային բռնապետների շարքում: «Արագ ձերբակալությունների շարքից հետո Ալիևի կառավարությունն այժմ բանտում պահում է շուրջ 100 քաղբանտարկյալների, ինչը կրկնակի ավել է, քան Ռուսաստանում ու Բելառուսում միասին վերցրած»,- գրում են հոդվածի հեղինակները: Թեպետ Արևմուտքը հանդես եկավ մի քանի քննադատական և մտահոգություն արտահայտող հայտարարություններով Ալիևի վարչակազմի հասցեին, և անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատեց երկրում հասարակական կազմակերպությունների նկա տմամբ իրականացվող քաղաքականությունը, այդուհադերձ դրանք որևէ դրական ազդեցություն չունեցան:
Հոդվածի հեղինակները նշում են, որ ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության կանչելու լավագույն տարբերակը կլինի սեփական ժողովդրի նկատմամբ վատ վերաբերմունքի համար Ալիևի վարչակազմին տուգանելը: Լեյլա և Արիֆ Յունուսները, ովքեր մեղադրվում են հօգուտ Հայաստանի լրտեսություն անելու մեջ, Իլգար Նասիբովը, Թովֆիգ Յագուբլուն, Սաիդ Նուրին այդ քաղաքականությունից տուժած անձանց շարքում են:
Հետաքրքիր է, որ ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը քննադատում է Ալիևին կամ քարոզում է ժողովրդավարություն, թշնամի է հայտարարվում: Իսկ Եվրախորհրդի և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հնչող քննադատություններին Ադրբեջանը պատասխանեց իր նավթի հաշվին ստացվող գումարներով Արևմուտքում ընկերներ ու ազդեցություն գնելու միջոցով:
«Ադրբեջանական իշխանությունները շատ հաճախ պատճառաբանում են, որ իրենք դժվար տարածաշրջանում են ապրում' սեղմված Ռուսաստանի և Իրանի միջև, բացի այդ ունեն չկարգավորված հակամարտություն Հայաստանի հետ և դա հաշվի առնելով պետք է ներողամիտ լինել իրենց քաղաքականության նկատմամբ:
Բայց աշխարհաքաղաքականությունը, այդուհանդերձ, պետք է Ադրբեջանին զերծ չպահի քննադատությունից իր քաղաքացիների և արևմտյան կազմակերպություններին որպես հանցագործ ընկալելու համար»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանք նշում են, որ արդեն վաղուց ժամանակն է, որ 2012 թվականի Սերգեյ Մագնիտսկու օրինակով ԱՄՆ-ն էլ մի օրենք ընդունի Բաքվի համար' Օրենքի գերակայության և պատասխանատվության վերաբերյալ: Միաժամանակ ԱՄՆ պետդեպը պետք է զգուշացնի Ադրբեջան մեկնող իր քաղաքացիներին այնտեղ հնարավոր ճնշումների և ձերբակալությունների վերաբերյալ:
***
ԼՂՀ այցելող հայտնի դեմքերը փախցրել են Ադրբեջանի քունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է բողոքել օտարերկրյա խորհրդարանականների' Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարվող այցելությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադ րբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա և համապատասխան նամակ է հղել Ֆրանսիայի ԱԳՆ և Ազգային ժողով' պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի' Արցախ այցի առնչությամբ:
Դեսպանությունը դժգոհել է նաև Փարիզում սեպտեմբերի 23-26-ը տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարում ԼՂՀ-ի ներկայացման համար: Այս կապակցությամբ նամակ է ուղղվել նաև զբոսաշրջանային ցուցահանդեսի կազմակերպիչներին:
Արցախի աշխուժացումը միջազգային տարատեսակ ու տարաֆորմատ միջոցառումներին ակնհայտորեն խուճապ է առաջացրել Բաքվում:
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Ռոշբլուանը նշել է, որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ յուրատեսակ ներկայացուցիչները Եվրոպայում:
***
Ռմբակոծվել է Հալեպի Նոր Գյուղ թաղամասը
Զինված ընդդիմադիր խմբավորումները հոկտեմբերի 2-ին ռմբակոծել են Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով հրո ճարակ են դարձել 7 բնակարաններ, նաև այլ բնակարաններ մեծ վնասներ են կրել: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Անօթևան մնացած բնակիչներին օգնության են հասել Նոր Գյուղի ակումբի տղաները, որոնց ջանքերով հրդեհը մարել է, և ժողովուրդն անվնաս տեղափոխվել է:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում գազի տակառ էր ընկել Ազգային Զավարյան վարժարանի մերձակայքում, որի հետևանքով զոհվել է արաբ երիտասարդ և վիրավորվել են 2 հայեր՝ Շահե Շահինյանը և Ավետիս Սոլաքյանը:
Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:
***
Երիտասարդները վեճի են բռնվել երևանյան սրճարաններից մեկում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում սեպտեմբերի 29-ին' ժամը 23.50-ին, հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հաճախորդը ծեծել է 1990թ. ծնված Արման Կ.-ին:
Ոստիկանության ծառայողների ձեռ նարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան մարմնական վնասվածքները պատճառել են 1993թ. ծնված Գրիգոր Թ.-ն և 1985թ. ծնված Գրիգոր Բ.-ն, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ 2 օր անց ներկայացել են բաժին:
***
Քեմերոնը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ վարչապետը մտադիր է հանդիպել Աֆղանստանի նոր կառավարության ղեկավարների հետ:
Սեպտեմբերի 29-ին Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ախմաձայն ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:
***
Մոսկվայի դատարանը Լևոն Հայրապետյանին ազատ է արձակել մեկուսարանից
Մոսկվայի Բասմանյան դատարանը հոկտեմբերի 3-ին հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին, որը մեղադրվում է «Բաշնևթի» գործով, ազատ է արձակել հետաքննչական մեկուսարանից և փոխադրել տնային կալանքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի դահլիճից հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:
Այդպիսով, դատարանը բավարարել է նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու քննիչի միջնորդությունը:
Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Սիստեմա» արդյունաբերական ֆինանսական կորպորացիայի կառույցներին «Բաշնևթի» վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը Ռահիմովը գլխավորում էր երեք տարի:
Հայրապետյանին մեղադրանքներ են առաջադրվել փողերի հափշտակման և լվացման համար: Այդ գործի շրջանակներում դատարանի կողմից կալանվել է «Բաշնևթի» բաժնետոմսերի՝ 300 մլն ռուբլի գումարի փաթեթ:
***
Ինջիղուլյանի մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ, բժշկի կարծիքը' ծառայությունը շարունակելու մասին
Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված և հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանի բուժհետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ բուժական և ընդհանուր հարցերի գծով Ռուբեն Օրգուսյանը, Ինջիղուլյանի մոտ առանձնապես լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել:
«Նրա մոտ գրանցվել է սթրեսային վիճակ' չափավոր վեգետատիվ անոթային դիստոնիայով: Նրան հիմա հանգիստ է անհրաժեշտ, և ժամանակի ընթացքում այս երևույթները կանցնեն: Թեթև բուժում են նշանակել, որ հանգիստ լինի»,- ասաց բժիշկը:
Մեր հարցին' արդյոք նման ախտորոշմամբ Հակոբ Ինջիղուլյանն ի վիճակի է շարունակել ծառայությունը, բժիշկն ասաց, որ «իր կարծիքով՝ ոչ»:
Ինջիղուլյանի բուժհետազոտությունն անցկացնելու նպատակով կազմվել էր մասնագիտական խումբ, որն էլ իրականացրել է բուժզննումը, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ընդհանուր անալիզներից մինչև գլխուղեղի զննում:
***
«էյր Արմենիա»-ն բացահայտում է չվերթները չեղյալ հայտարարելու պատճառը
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը հետաձգել է չվերթների մի մասը ինքնաթիռների տեխնիկական խնդիրների պատճառով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը տեղեկացրեց, որ ավիաընկերությանը պատկանող երեք ինքնաթիռնրից երկուսն ուղարկվել են տեխնիկական սպասարկման, որոնցից մեկի դեպքում սպասարկումը ծրագրված չի եղել: «Մեր չվացուցակը պլանավորված էր երեք ինքնաթիռների համար, սակայն, ինչպես արդեն նշեցի, դրանցից երկուսն ուղարկվել են տեխնիկական սպասարկման:
Պլանավորված սպասարկումը պահանջում է 21 օր, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել հետաձգել կամ չեղյալ հայտարարել որոշ չվերթներ: Ներկայումս մենք փորձում ենք լուծել այդ հարցը և ինչ-որ կերպ նոր օդանավ գտնել, որը կիրականացնի չվերթները, մինչ մյուս ինքնաթիռը վերադառնա վերանորոգումից: Սակայն դեռևս չեմ կարող ասել, թե դա երբ կլինի»,- նշեց Համբարձումյանը:
«Էյր Արմենիա»-ի մարքեթինգի բաժնի ղեկավարի խոսքով' այն ուղևորներին, որոնց չվերթները հետաձգվել են, առաջարկվել է երկու լուծում: « Նրանց առաջարկել ենք վերադարձնել տոմսերը կամ, եթե տոմսերը մասնակի օգտագործված են, նրանց տեղափոխել ենք այլ ավիաընկերությունների միջոցով»,- ասաց նա:
Մամուլում վերջին օրերին հրապարակումներ էին հայտնվում, որտեղ նշվում էր, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում, հավանաբար, սնանկ կհայտարարվի: Սակայն, «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը հերքել էր այդ լուրերը' նշելով, որ նման բան չկա:
«Ընկերությունը լավ ժամանակներ չի ապրում, բոլոր հակառակորդները առիթը բաց չեն թողնում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա լրատվամիջոցների օգնությամբ ընկերությանը վարկաբեկող բացասական լուրեր տարածել»,- նշել էր նա:
***
« «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պետք է պայքարի ամբողջ աշխարհը». Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով' «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պետք է պայքարել ամբողջ աշխարհը: Նա այդ մասին հայտարարել է Հանովերում կայացած գերմանական միասնության տոնի կապակցությամբ հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
««Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը «մարտահրավեր է պետություններին գլոբալ մաշտաբով»,- ասել է Անգելա Մերկելը:
Նրա կարծիքով' դա ոչ միայն ԱՄՆ-ի կամ արաբական պետությունների խնդիրն է, այլ մարտահրավեր է մեզ բոլորիս համար:
«Չի բացառվում, որ դա բարդ խնդիր լինի: Սակայն այն չի կարող ինքն իրեն լուծվել»,- հայտարարել է Անգելա Մերկելը:
Նրա տեսանկյունից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելը համապատասխանում է մեր հետաքրքրություններին, քանի որ ջիխադիստները սպառնում են նաև Գերմանիային: Այդ պատճառով Գերմանիան աջակցում է փեշմերգա ուժերին Հյուսիսային Իրաքում:
***
Պաշտպանության բանակը արժանի հակահարված է տվել հակառակորդի դիվերսիոն հարձակումներին. ԼՂՀ վարչապետ
Լեռնային Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները շատ կարևոր տեղեկությունների տիրապետող անձնավորություններ են, և Ադրբեջանի նպատակն էր փոխանակման միջոցով նրանց հետ տանել:
Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը նշեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով դասախոսներից մեկի' ադրբեջանական կողմի վերջին ակտիվության և դիվերսիոն փորձերի պատճառների մասին հարցին: «Ադրբեջանցիները նրանց ձերբակալումից հետո մի քանի ուղղություններով սրեցին իրավիճակը, նաև դիվերսիոն գործողություններ ձեռնարկեցին:
Նրանց նպատակն էր մեր կողմից գերիներ տանել, որպեսզի հետո իրենց դիվերսանտների հետ փոխանակում պահանջեին: Նրանց դա չհաջողվեց, այլ իրենք, կրելով կորուստներ, հետ են շպրտվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Արա Հարությունյանը:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներին՝ Արա Հարությունյանը նշեց, որ Ստեփանակերտը կողմնակից է, որպեսզի դիպուկահարները հեռացվեն շփման գծից և զոհերը քիչ լինեն:
«Սակայն Ադրբեջանը մշտապես մերժում է դիպուկահարներին հետ քաշելու առաջարկները, և նրանց գործողությունների արդյունքում մենք կորուստներ ենք ունենում, ուստի, մենք էլ ստիպված ենք լինում պատասխան տալ, և շատ հաճախ մեր պատասխանն ավելի ուժեղ է լինում»,- ընդգծեց Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը նշեց, որ իրենք արժանի պատասխան են տվել ադրբեջանական կողմի վերջին դիվերսիաներին, որոնց արդյունքում հակառակորդը 11 զոհ է տվել: «Նրանք թաքցրել էին իրենց զոհերի քանակը: Եվ մի գիշերվա մեջ Պաշտպանության բանակի զինծառայողները կարողացան գծի տարբեր հատվածներում պատասխան գործողություններ իրականացնել և հակառակորդին արժանի պատասխան տալ:
Այսինքն' Պաշտպանության բանակը պետք է հակառակորդին լռեցնելու համար պատասխան քայլեր ձեռնարկի և ցանկացած կորստի պատասխանի գործողություններով, որոնց արդյունքում հակառակորդի կորուստներն ավելի շատ կլինեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հասկացավ, որ իր գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի, ինչին իրենք պատրաստ չեն, և հանգստացավ: ԼՂՀ վարչապետի խոսքով՝ իրավիճակի հանդարտեցմանը նպաստեց նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումը:
Արա Հարությունյանը կարծում է, որ շփման գծում լարվածություն ստեղծելու ադրբեջանական կողմի քայլերը կապված են այն բանի հետ, որ Ադրբեջանը ցանկանում է նման կերպ հասնել հարցի շուտափույթ լուծմանը: «Նրանք այդ եղանակով փորձում են մեզ ստիպել, որպեսզի մենք որքան հնարավոր է շուտ համաձայնենք իրենց առաջարկած տարբերակներին, սակայն դա լինել չի կարող»,- նշեց նա: