Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Միլանում «Ասիա-Եվրոպա» (ASEM) ֆորումի՝ Միլանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններին նախապատրաստվելու հարցերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Ղեկավարները քննարկել են հոկտեմբերի 16-17-ին Միլանում կայանալիք «Ասիա-Եվրոպա» ֆորումի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններին նախապատրաստվելու հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել է, որ Պուտինն ASEM-ի գագաթնաժողովում կարող է Ուկրաինայի իրադրության շուրջ հանդիպում անցկացնել «նորմանդական» ձևաչափով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

 

ASEM-ը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է Արևելյան Ասիայի և Եվրոպայի երկրներին: ASEM-ի մեջ մտնում է 48 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային առևտրի երկու երրորդը և համաշխարհային համախառն արտադրանքի մոտավորապես 60 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: