Աղվերանում մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ծրագրի նպատակն է բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ո չ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:
«Ուզում եմ ընդգծել, որ այս ծրագրերը համահունչ են նախարարության որդեգրած' բնակչությանն առողջ պահելու և ոչ թե հիվանդաբուժություն իրականացնելու գաղափարախոսությանը։ Մոտ ապագայում հիվանդությունների իրական պատկեր կունենանք։
Երեք տարվա ընթացքում հիվանդացության շարժը կարձանագրենք, սակայն, միաժամանակ, շատերի մոտ հիվանդությունը կհայտնաբերվի վաղ փուլում և հեշտությամբ կբուժվի»,-ողջունելով համաժողովի մասնակիցներին' ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։ Նա հավելել է, որ ծրագրի երկարաժամկետ նպատակն է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև ոչ վարակիչ այլ հիվանդությունների հիվանդացությունն ու մահացությունը:
Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշան իր խոսքում նշել է, որ ծրագրով նախատեսվում են խրախուսումներ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար:
«Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ Համաշխարհային բանկն աշխատում է այս մոտեցումով։ Հնարավոր է, որ այդ փորձը կիրառենք նաև այլ երկրներում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընթացքում»,-նշել է Վեզի Մսիշան։
Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում (զարկերակային ճնշման չափում և արյան մեջ քաղցի գլյուկոզի որոշում) կընդգրկվի կանանց և տղամարդկանց 35-68 տարիքային խումբը: Արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 30-60 տարեկան կանանց շրջանում կիրականցվի ՊԱՊ թեստ: Երրորդ տարվա վերջում պետք է հետազոտված լինի թիրախային բնակչության առնվազն 50-60 տոկոսը։
ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանն ամփոփ ներկայացրել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը' անդրադառնալով նաև մարզային հիվանդանոցների և ամբուլատորիաների արդիականացմանը։ Նա նշել է, որ սկրինինգային հետազոտությունները լիովին անվճար են և թիրախային խմբերում ընդգրկված քաղաքացիներին կոչ է արել օգտվել ընձեռված հնարավորությունից և հետազոտություն անցնել։
ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայացրել է կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և խրախուսական վարձատրության սկզբունքները, իսկ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը խոսել ծրագրի նախապատրաստական փուլում նոր մշակված ուղեցույցների հիման վրա առողջության առաջնային օղակի բուժանձնակազմի համար կազմակերպված կրթական գործընթացի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնագիտական վերապատրաստումների որակի գնահատման և այլ հարցեր։
Բժշկագիտությունը վաղուց արդեն կարողացել է հաղթահարել վարակիչ շատ հիվանդություններ, որոնք ողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր էին խլում։ Այսօր հաշմանդամության և մահացության հիմնական պատճառները դարձել են ոչ վարակիչ հիվանդությունները։
Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, Հայաստանում ևս մահացության ընդհանուր կառուցվածքում հիմնական բեռը' մոտ 80%-ը, բաժին է ընկնում ՈՎՀ-ին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են' 48%, ապա' չարորակ նորագոյացությունները' 19,8%, իսկ երրորդ տեղում' շաքարային դիաբետը' 4,9%։
ՀՀ կառավարությունը դեռ 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»:
Դրան հաջորդել է ՀՀ կառավարության «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության' արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը»:
Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչու թյան հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում: