ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցություն է հայտնելՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է.

 

«Կյանքից հեռացավ պետական, քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մի մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է:

 

Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի դերը պետության մի շարք ոլորտներում:

 

1975-1990թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում, եղել է կառավարության նախագահի առաջին տեղակալ: Այնուհետև' 1990թ.' Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում, Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Նույն տարին ղեկավարել է ՀՀ պաշտպանության արտակարգ հանձնաժողովը պատերազմի առաջին գծից: 1991-96թթ. ղեկավարել է նաև ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը: Որտեղ էլ, որ եղել է, ջանք չի խնայել իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար: Մեծ է նրա ավանդը նաև 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, անօթևաններին և տուժածներին աջակցելու գործում:

 

Վերջին տարիներին նա անուրանալի ավանդ ունեցավ համազգային արժեք հանդիսացող և ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի վերականգնման ու պահպանման գործում:

 

ՀՀ Հանրային խորհրդի ստեղծման օրվանից Վլադիմիր Մովսիսյանը խորհրդի անդամ էր՝ ամենաակտիվ անդամներից մեկը, որի խորիմաստ ու ծանրակշիռ խոսքը որոշիչ դեր ուներ հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ցանկացած հարցի քննարկման և որոշումների կայացման ժամանակ:

 

Վլադիմիր Մովսիսյանը մի մարդ էր, որն իրապես սիրում էր իր հայրենի հողը և մինչև կյանքի վերջ անմնացորդ ծառայեց իր երկրին ու ժողովրդին: Նա պետական, քաղաքական ու հասարակական գործչի, իսկական հայ մարդու լավագույն օրինակ է երիտասարդ սերնդի համար:

 

Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում այդ մեծ մարդու, մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, կիսում նրանց վիշտը»:

 

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը մահացել է նոյեմբերի 5-ին, Երևանում: Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: