«Էմմի» տարածաշրջանային մրցանակի դափնեկիր երիտասարդ կինոռեժիսոր Պիտեր Մուսուրլյանը կարճամետրաժ ֆիլմ կնկարահանի քայլարշավորդների, հեծանվորդների և մոտոցիկլիստների մասին, ովքեր 100 կմ կանցնեն Հայոց ցեղասպանության նահատակներին հարգանքի տուրք մատուցելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, արշավորդները կանցնեն Սան Գաբրիել լեռներով, Սան Ֆերնանդո հարթավայրով կհատեն Հոլիվուդը, ապա Լոս Անջելես քաղաքի արևելյան հատվածը և վերջապես իրենց ուղևորությունը կավարտեն Բիքնել զբոսայգու Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ: «Մենք վստահ ենք, որ մեր նախնիների վիթխարի տառապանքին նվիրված մեր արշավը իմաստալից ու հետաքրքիր պատմություն կդառնա»,- ասել է արշավը նախաձեռնած «100 կմ տուրք» կազմակեպչական խմբի « համակարգող Իոլանդա Դավիթյանը:
Նախատեսվում է վավերագրական ֆիլմը տարբեր լրատվամիջոցներով ցուցադրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը: