Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) վարչությունների եւ գործարանների հարյուրավոր աշխատակիցներ կրճատման մաին ծանուցագրեր են ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqin.az լրատվական կայքին հայտնել է նավթագործների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Ազեր Գուլիեւը:

 

Նրա խոսքով' իրենց կազմակերպություն դիմողների թիվը խիստ մեծացել է: «Նոր տարուց ավելի մեծ կրճատումներ են սպասվում: Արդեն 800 աշխատակից կրճատման մասին ծանուցագրեր են ստացել: Զանգավածային կրճատումները կսկվեն եկող տարվա սկզբից», -հայտարարել է իրավաբանը:

 

Ա.Գուլիեւը գտնում է, որ այդ քայլը պայմանավորված է SOCAR-ում ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ: Նրա խոսքով' կրճատումների ժամանակ հաշվի չեն առնվում անգամ աշխատանքից ազատվողների մասնագիտական մակարդակը:

 

«Կրճատումների ժամանակ հաշվի չեն առնվում աշխատակիցների մասնագիտական մակարդակը: Բացի այդ, Աշխատանքային օրենսդրության համաձայն չի կարելի աշխատանքից ազատել հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխաներ ունեցող կանանց, պատերազմի հաշմանդամներին եւ այլ քաղաքացիների, որոնք արտոնություններ ունեն: Սակայն, հիշյալ բոլորին էլ ազատում են, թողնում են ոչ անհրաժեշտ մասնագիտություն ունեցող մարդկանց: Շատերին հարկադրում են աշխատանքից ազատվել սեփական ցանկությամբ», -ասել է Ա.Գուլիեւը:

 

Ադրբեջանում նավթի արդյունահանման եւ նավթամթերքների արտադրութւյան ծավալներն ընկնում են: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նշում են, որ դա պայմանավորված Ադրբեջանի նավթահանքերում նավթի պակասելու հետ: