Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց նոյեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 զոհերի հիշատակը: ԱԺ նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Հարգելի՛ պատգամավորներ, երեկ Շիրակի մարզում տեղի է ունեցել սարսափելի ավտովթար, որի հետևանքով 7 մարդ է զոհվել: Եթե դեմ չեք, պարոն Սահակյան, մենք հիմա մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հի շատակը: Նաև ես կցանկանայի դիմել Շիրակի մարզպետին, որպեսզի ավելի շատ ուշադրություն հատկացվի ճանապարհի այն հատվածին, որտեղ տեղի է ունեցել ավտովթարը: Գյումրեցիներն այդ ճանապարհն անվանում են Հոռոմի խաչմերուկ, և ես երեկվանից նամակներ եմ ստանում, որոնք փաստում են այն մասին, որ ճանապարհի այդ հատվածում սարսափելի վթարներ են տեղի ունենում և շատ հաճախ: Կարծում եմ, որ հարկավոր է ուշադրություն դարձնել այս հարցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: «Խորապես ցավում ենք և ցավակցում զոհվածների հարազատներին: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց ԱԺ նախագահը:
Պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին սարսափելի ավտովթարի զոհերի հիշատակը:
Նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19:15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի' Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված Կամազ մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ. Վարդանյանը, ձերբակալված է: